Չարաշահումներ՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկում. Hraparak. am

Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում խառը ժամանակներ են․ այնտեղի աշխատողներից մեկը (անունը չցանկացավ հրապարակել) մեզ պատմեց հիմնարկում տեղի ունեցող չարաշահումների մասին․

«Երևանի քաղաքապետարանի աղբահանության հիմնարկում բացահայտվել են բազմաթիվ ֆինանսական և նյութական չարաշահումներ, Այս մասին գրում է Hraparak.am-ը:
 

Մասնավորապես, հիմնարկի տնօրենը, որը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմ ընկերն է, աշխատանքի է ընդունել բազմաթիվ աշխատողների, ովքեր իրականում չեն հաճախել աշխատանքի, բայց ստացել են միլիոնավոր դրամների պարգևավճարներ, որոնք փոխանցել են հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանին։ Հիմնարկում բացահայտվել են նաև պահեստամասերի, դիզվառելիքի, պատերազմի ժամանակ սահման ուղարկելու համար նախատեսված անվադողերի վաճառքի և այլ նյութական ապրանքների կորուստներ։ Հիշեցնեմ, որ նախկինում ևս այս հիմնարկի հետ կապված եղել են կոռուպցիոն սկանդալներ, սակայն մի շարք աշխատողների աշխատանքից ազատելով փաստերը կոծկել են։ Բայց այս անգամ չարաշահումների մասին փաստերը հայտվել են ավագանու «Իմ քայլը» խմբակցության մոտ, որից հետո վերահսկողության և իրավապահ մարմինները լայնածավալ ստուգման գործողություններ են սկսել աղբահանության հիմնարկում, որոնք ըստ շրջանառվող լուրերի հաստատվել են։ Բազմաթիվ աշխատատողներ արդեն հարցաքննվել են»։
 

Աշխատակիցը մեզ նաեւ փոխանցեց, որ այս օրերին տնօրենը աղբահանության բաժնի պետին ազատել է աշխատանքից․ «Նույնիսկ արդեն իր մարդուն է բերել և նստացրել աշխատասենյակում, ով աշխատողներին ցուցումներ է տալիս»։
 

Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, այո, ստուգումներ եղել են, սակայն նշեց, որ դրանց արդյունքում որեւէ չարաշահումներ չեն հայտնաբերվել․ «Իրավապահները ստուգում անցկացրել են, բայց տենց բան գոյություն չունի, սա թափանցիկ հիմնարկ է, չկա նման բան»։

Նա հաստատեց, որ աղբահանության բաժնի պետը փոխվել, բայց, նրա խոսքով, իր ընկերը չի փոխարինել նախորդին․ «Աղբահանության բաժնի պետը փոխվել է, բայց հիմնարկում ոչ մի բան չի փոխվել, այդ հիմնարկը 850 հոգանոց հիմնարկ է, կարա մեկը դուրս գա, մյուս գա։ Ով նախկինում աշխատել է, անունը եղել է Աշոտ, հետո եղել է Արթուր, հիմա էլ Հրաչ,ազգանունները չեմ հիշում։ Իմ ընկերների հետ ես մենակ ընկերություն եմ անում, աշխատանքի մեջ մի անձ չկա, որ ընկեր է, բոլորը գործընկերներ են։ Ես ունեմ մանկության ընկերներ, որոնց հետ գնում ենք քաղաքից դուրս, ուտել-խմելու եւ այլն, ես ընկեր հասկացողությունն այդպես եմ հասկանում»։
 

Քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ, ըստ էության, չարաշահումների վերաբերյալ չհերքեց մեր տեղեկությունները։
 

«Քանի դեռ իրավապահ մարմինների կողմից որևէ հայտարարություն չկա, ես զերծ կմնամ մեկնաբանություն տալուց»,- նշեց նա` հավելելով, որ այս պատասխանին ավելացնելու բան չունի։

Քաղաքականություն