Արցախի, բանակի և ներքին անվտանգության հարցում տարբեր ընկալումներ ունեինք. Վանեցյանը՝ Փաշինյանի մասին
2019թ-ի ամռանն արդեն աշխատանքից ազատվելու որոշում ունեի, դրա մասին բազմիցս տեղեկացրել եմ Նիկոլ Փաշինյանին, իսկ արդեն սեպտեմբերին եղավ իմ հրաժարականի մասին հայտարարությունը: Այս մասին civilnet-ի եթերում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և նշել, որ Արցախի, բանակի և երկրի ներքին անվտանգության հետ կապված հարցերում Նիկոլ Փաշինյանն ունեցել են տարբեր ընկալումներ.
«Այս ամենի արդյունքը եղավ Արցախյան 44-օրյա պատերազմը և այն հետևանքները, որ մենք այսօր տեսնում ենք»,-ասաց Արթուր Վանեցյանը:
Նրա փոխանցմամբ՝ տարաձայնություններ են ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում հնչեցրած «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարություն հետ կապված: Նա նշել է, որ այդ հայտարարության հետ ինքը համաձայն չի եղել և Նիկոլ Փաշինյանին խնդրել է այլևս նման հայտարարություններ չանել:
Անդրադառնալով դեռևս ԱԱԾ տնօրենի պաշտոնում հնչեցրած իր հայտարարությանը՝ թե Արցախի տարածքները ոչ միայն չեն հանձնվելու, այլև՝ վերաբնակեցվելու են՝ Ա. Վանեցյանը պարզաբանել է, որ այդ հայտարարությունն արել է փակ ֆորմատով քննարկման ժամանակ.
«Եթե դուք տեսնեք այդ խորհրդակցության տեսանյութի որակը, կհասկանաք, որ դա պրոֆեսիոնալ նկարահանում չէ, հետագայում մենք իմացանք, որ դա նկարահանել է Բակո Սահակյանի անձնական օպերատորը՝ իր հեռախոսով։ Ես այդ հայտարարությունն արել եմ փակ ֆորմատում, արել եմ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Հայաստանի անվտանգության մարմինների ղեկավարության միջավայրում։ Դա հանրայնացման ենթակա չէր, բայց այնպես էլ չէր, որ մենք այլ կերպ էինք մտածում:
Բայց ես քաղաքական դեմք չէի, ես երկրի արտաքին քաղաքականությունը որոշողը չէի։ Ես սպա էի, գեներալ, ով, իհարկե, պետք է անի նման հայտարարություն։ Արտաքին քաղաքականությունը որոշում է ԱԳ նախարարությունը և վարչապետը, նրանք իրենց հայտարարությունների մեջ պետք է լինեն շատ ուշադիր և հասկանան բոլոր հայտարարությունների հետևանքները»,- ասել է Վանեցյանը։