Հասարակություն Կարևոր

Արձակուրդները ևս մեկ շաբաթով չեն երկարաձգվում՝ տեղեկությունները սուտ են. ԿԳՄՍ

Unknown 2,735 դիտում
Արձակուրդները ևս մեկ շաբաթով չեն երկարաձգվում՝ տեղեկությունները սուտ են. ԿԳՄՍ

Այսօր մի շարք լրատվականներ տեղեկություն տարածեցին, որ աշնանային արձակուրդները կրկին մեկ շաբաթով երկարաձգվել են՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ:

 

Ինչպես նաև նշվում էր, թե մինչև նոյեմբերի 12-ը չեն գործի նաև նախադպրոցական հաստատությունները, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցները։ Ուսումնարանները, քոլեջները և բուհերը կշարունակեն գործել հեռավար և առցանց ուսուցման ձևաչափով։

 

Auroranews-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը նշեց, որ տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: «Չգիտենք, թե լրատվականները որտեղից են նման տեղեկություն վերցրել», - նշեց նա: 

 

Նախարարության խոսնակը հղում կատարեց նախարարության՝ հոկտեմբերի 25-ին կայացրած որոշմանը և խնդրեց հիմք ընդունել միայն այդ որոշումը: 

 

Հիշեցնենք՝ որոշման մեջ նշվում էր. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին:

Հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակը և վերջին օրերի ընթացքում հիվանդության կտրուկ աճի միտումը՝ համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով առաջարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առցանց ուսուցմամբ: Ուսուցումն անհրաժեշտ է կազմակերպել տեղեկատվական և հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաների և գործիքակազմերի կիրառմամբ` ըստ բուհի մասնագիտական ուղղվածության և ուսուցանվող մասնագիտությունների առանձնահատկությունների:

ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին: Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության կողմից համաճարակային կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությամբ պայմանավորված հետազոտությունների արդյունքները և առաջարկությունը` նշված հաստատություններին հանձնարարվել է ուսումնական գործընթացը 2021 թվականի հոկտեմբերի 26-ից երկու շաբաթով կազմակերպել հեռավար:

Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում նախատեսվում է նաև հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված աշնանային արձակուրդները 1-12-րդ դասարանցիների համար երկարաձգել ևս մեկ շաբաթով՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ:

ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական ուսումնական հաստատություններին հորդորում է զերծ մնալ արձակուրդի ընթացքում աշխատակիցներին դպրոց կանչելուց և աշխատանքները հնարավորինս կազմակերպել հեռավար ձևաչափով»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից