Թուրքիայում ձերբակալվելուց առաջ զբոսաշրջիկները տեսանյութ են ձայնագրել
Անթալիայում անտառը չկանխամտածված հրկիզելու կասկածանքով ձերբակալել են Ռուսաստանի 7 քաղաքացու: Գրում է «ՌԻԱ Նովոստի»- ն՝ հղում անելով գլխավոր հյուպատոսությանը։ Դա տեղի է ունեցել շաբաթ՝ Չագլարջայի շրջանում, երբ զբոսաշրջիկները զբոսնում էին Լիկիական արահետով։
Իրավապահները արձանագրություն են կազմել, ցուցմունք վերցրել կասկածյալներից ու վկաներից։
Թուրքական մամուլը գրում է, որ 7 ռուս զբոսաշրջիկները, որոնց կասկածում են անտառը հրկիզելու մեջ, խարույկ են վառել այն շրջանում, որտեղ հետո հրդեհ է բռնկվել։
Դատարանը որոշում է կայացրել ռուսաստանցի զբոսաշրջիկներին կալանավորել։
Ձերբակալությունից առաջ զբոսաշրջիկները ձայնագրել են տեսանյութ, որում հայտարարել են, որ անմեղ են, դատարանը շատ արագ է կայացրել կալանավորման մասին որոշումը։ Ռուս զբոսաշրջիկներից մեկը պատմել է, որ զբոսնելիս նկատել են հրդեհն ու փորձել է մարել, սակայն ճանապարհին իրենց կանգնեցրել են տեղացիները եւ կանչել ժանդարմներին։
Մինչ այդ թուրքական մամուլը հայտնել էր մեկ այլ խմբի ձերբակալության մասին, որոնց մոտ եղել են ՌԴ քաղաքացիության անձնագրեր. Նրանց վերագրում են լրտեսության մեղադրանք։