
Ռոսպոտրեբնադզորը կորոնավիրուսով հիվանդների մոտ սնկային ֆլորայի աճ է արձանագրել. Известия

Կորոնավիրուսային հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում «Ռոսպոտրեբնադզոր»-ի մասնագետներն արձանագրել են սնկային ֆլորայի աճ: Այս մասին գրում է Известия-ն:
Ըստ կայքի՝ դա, հավանաբար, պայմանավորված է կորոնավիրուսի պաթոգենետիկ հատկություններով: Որոշ դեղամիջոցների օգտագործումը նույնպես կարող է դեր խաղալ: Հայտնաբերված ամենատարածված սնկերից է Կանդիդա ալբիկանսը (Candida albicans), որը համարվում է կանդիդոզ սնկային ինֆեկցիայի հարուցիչ:
Լրատվամիջոցը նշում է, որ կորոնավիրուսով վարակված հիվանդներին պետք է ուշադիր հետազոտել: Հակասնկային միջոցների չափազանց շատ օգտագործումը կարող է առաջացնել պաթոգենների դիմադրություն: Բացի դա, սնկային այս ախտահարումը հաճախ նկատվում է իմունային անբավարարությամբ հիվանդների մոտ, այն ազդում է արյան և սեռական օրգանների վրա: Կորոնավիրուսի դեպքում սնկային ինֆեկցիայի թիրախը թոքերն են:
«Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի վարակիչ պաթոլոգիայի կլինիկական բաժանմունքի առաջատար գիտաշխատող Ելենա Լազարևան լրատվամիջոցին հայտնել է, որ երկու հիվանդանոցներում Կանդիդա ալբիկանս է հայտնաբերվել ընդհանուր 617 հիվանդի մոտ: