ՌԴ ՊՆ-ն Աֆղանստանից տարհանում է Ռուսաստանի քաղաքացիներին
ՌԴ պաշտպանության նախարարությունը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով Աֆղանստանից տարհանում է ՌԴ, ՀԱԿՊ երկրների և Ուկրաինայի ավելի քան 500 քաղաքացու: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, տարհանումն իրականացվում է ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով:
«Օգոստոսի 25-ին ՌԴ նախագահի հրամանով պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կողմից կազմակերպվել է ՌԴ, ՀԱՊԿ երկրների (Բելառուս, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան) և Ուկրաինայի ավելի քան 500 քաղաացու տարհանում Աֆղանստանից»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ յուրաքանչյուր ինքնաթիռում տարբեր երկրների քաղաքացիներին օգնություն ցույց տալու համար աշխատելու են բժշկական հաշվարկի մասնագետները:
Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից: Երկրի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը հայտարարել է, որ երկրի ղեկավարի բացակայության պարագայում սահմանադրության համաձայն՝ ինքն է ստանձնում ղեկավարի պարտականությունները: Վերջինս կոչ է արել զինված դիմադրություն ցույց տալ թալիբներին: