Արա Աբրահամյանը` Ադրբեջանի կողմից հետախուզում հայտարարելու մասին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պատասխանել է իր նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելուն և «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանն ասել, որ դեռևս պաշտոնական տեղեկություն չի ստացել այդ մասին՝ հավելելով, որ Բաքվի մեղադրանքներն անհեթեթություն են և ինքը հետևանքներից չի վախենում։ 

«Ադրբեջանի դատախազությունը ցանկացած բան կարող է հայտարարել, դա ինձ չի անհանգստացնում: Ավելի լավ կլինի, եթե նրանք գործ ունենան Ղարաբաղում մարդու իրավունքները ոտնահարող իրենց հանցագործների հետ: Ինձ համար դա ծիծաղելի է, ես անմեղ եմ, խնդիրներ ունենալ չեմ կարող», - ասել է Արա Աբրահամյանը և հավելել, որ պաշտոնական տեղեկատվության դեպքում փաստաբանները կկարգավորեն հարցը։ Նրա խոսքով՝ նման դեպքում նա ինքը կդիմի միջազգային դատարան՝ պահանջելով հետաքննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները։ 

«Հուսով եմ, որ կգա ժամանակ, որ իրենք կդատվեն», - նշել է հայերի միության նախագհաը։