Հայտնի է երկու մանկապարտեզներում արձանագրված աղիքային վարակի պատճառը. Аrmtimes.com

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բացահայտել է, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ու «Մուրացան» ԲԿ ընդունված Երևանի «Վիննի Թուխ և ընկերներ» և «Ծիածան» մանկապարտեզներում երեխաները թունավորվել են «Բիոկաթ» ապրանքանիշի թթվասեր և կաթնաշոռ ուտելու արդյունքում: Այս մասին Аrmtimes.com-ին ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:

 

Նա նշեց, որ նույն կաթնամթերքի օգտագործումից հետո ինքնազգացողության վատացման մասին ահազանգեր են ստացվել նաև այլ քաղաքացիներից:

 

«ՍԱՏՄ ղեկավարի հրամաններով՝ վերահսկողական միջոցառումներ՝ ստուգումներ են սկսվել նշված մանկապարտեզներում, ինչպես նաև «Բիոկաթ» ՍՊԸ-ում: Մակապարտեզներում առկա սննդից և կաթնամթերքներից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության: «Բիոկաթ» ընկերության հուլիսի 7-ին և 8-ին արտադրված կաթնաշոռի և թթվասերի ողջ արտադրանքը ետ է կանչվել իրացման ցանցից և մատակարարման վայրերից:

 

 ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում անցկացված փորձաքննությամբ պարզվել է, որ ներկայացված կաթնաշոռի և թթվասերի նմուշները ԱՑԽՄ, ՄԱՖԱՄ, ոսկեգույն ստաֆիլակոկ և բորբոսասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին»,- ասաց նա, ապա հավելեց, որ ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ «Վիննի Թուխ և ընկերներ» և «Ծիածան» մանակապրտեզներ կաթնամթերքը առաքվել է միևնույն փոխադրամիջոցով, որի սառնարանը անսարք է եղել և չի գործել:

 

«Բիոկաթ» ՍՊԸ-ում ստուգումը շարունակվում է, կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթները կկասեցվեն: