
Չինական «ԿորոնաՎակ» պատվաստանյութը ԱՀԿ-ի կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն

Կորոնավիրուսային հիվանդության դեմ չինական «Սինովակ» ընկերության «ԿորոնաՎակ» պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն՝ հավաստիացնելով, որ այն համապատասխանում է անվտանգության, արդյունավետության և արտադրության միջազգային ստանդարտներին:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ԱՀԿ-ի իմունականխարգելման գծով ռազմավարական խորհրդատվական խումբը նույնպես ավարտել է պատվաստանյութի վերաբերյալ իր ուսումնասիրությունը: Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ պատվաստանյութը 100%-ով կանխում է COVID-19-ի ծանր դեպքերը, հոսպիտալացումները և մահվան ելքերը։
Առկա ապացուցողական տվյալների հիման վրա՝ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստանյութն օգտագործել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ երկու դեղաչափով, 14-28 օր միջակայքով:
Հետևաբար Հայաստանում «ԿորոնաՎակ»-ով պատվաստումներն իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ երկու դեղաչափերի միջև 28 օր միջակայքով՝ ըստ դիմելիության և կամավորության սկզբունքով: