Քաղաքականություն

Դավիթ Առաքելյանը ներկայացրել է Ազգային ժողովի 2025 թվականի բյուջեի կատարողականը

Դավիթ Առաքելյանը ներկայացրել է Ազգային ժողովի 2025 թվականի բյուջեի կատարողականը

ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի կողմից ներկայացվել է խորհրդարանի 2025 թվականի բյուջեի կատարողականը:


«ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով Ազգային ժողովի համար հաստատված բյուջեն հաշվետու տարում սահմանված է եղել 7,072,937,000 դրամ:


Ինչպես հայտնել է Դավիթ Առաքելյանը, Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման համար կատարվել են վերաբաշխումներ: Կառավարության որոշմամբ հաշվետու տարում Ազգային ժողովին հատկացվել է 545,516,300 դրամ, ինչի արդյունքում 7 միջոցառումների գծով ճշտված բյուջեն կազմել է 7,603,028,300 դրամ, իսկ փաստացի ծախսը` 7,484,585,800 դրամ: Բյուջետային կատարողականը եղել է 98,4 տոկոս, իսկ ճշտված բյուջեի և կատարված ծախսերի միջև եղած 118,442,500 դրամ շեղումը փոխանցվել է պետական բյուջե:


2024 թվականի համեմատությամբ՝ ՀՀ ԱԺ ծախսային մասն ավելացել է 326,500,000 դրամով կամ 4,6 տոկոսով:


ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է նաև Ազգային ժողովի իրականացրած միջոցառումների մանրամասները: «ՀՀ ԱԺ գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման մասով ճշտված բյուջեն եղել է 6 մլրդ 705 մլն դրամ, իսկ ծախսը՝ 6 մլրդ 685 մլն դրամ: Այս ուղղությամբ բյուջեն կատարվել է 99,7 տոկոսով: Ծախսերի արդյունավետության շնորհիվ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման մի շարք հոդվածներով արձանագրվել է 19 մլն 700 հազար դրամի տնտեսում:


«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում» միջոցառման շրջանակում ճշտված բյուջեն կազմել է 1 մլն 309 հազար դրամ, իսկ ծախսը՝ 987,000 դրամ: Ծրագրի կատարողականը եղել է 75,4 տոկոս, վերապատրաստում է անցել 31 պետական ծառայող:


«ՀՀ Ազգային ժողովի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման» նպատակով նախատեսված է եղել 151 մլն 249 հազար դրամ, ծախսը կազմել է 145 մլն 288 հազար դրամ: Բյուջեն կատարվել է 96,1 տոկոսով, իսկ միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսվել է 5,961,000 դրամ:


Դավիթ Առաքելյանը նշել է, որ հաշվետու տարում 60 աշակերտների համար կազմակերպվել է «Ամառային դպրոց» ծրագիրը, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործընկերների հետ համատեղ իրականացվել է 120 մլն դրամի դրամաշնորհային ծրագիր:


«Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» միջոցառման գծով ճշտված բյուջեն, ինչպես և փաստացի ծախսը, կազմել է 134 մլն 980 հազար դրամ՝ ապահովելով 99,9 տոկոս կատարողական:


«Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 505,308,700 դրամ, իսկ ծախսերը՝ 456,082,000 դրամ: Այս միջոցառման կատարողականը եղել է 90,3 տոկոս, իսկ արձանագրված շեղումը պայմանավորված է եղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայացրած որոշումներով:


«ՀՀ ԱԺ տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման հաստատված բյուջեով վարչական սարքավորումների գնման համար սահմանված է եղել 78,810,000 դրամ, իսկ ծախսը կազմել է 61,900 հազար դրամ՝ ապահովելով 78,5 տոկոս կատարողական: Ապրանքների ձեռքբերման գործընթացների արդյունքում տնտեսվել է 16 մլն 900 հազար դրամ:


«ՀՀ ԱԺ շենքային պայմանների բարելավում» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 26,324,000 դրամ: Այս ծրագրով նախատեսվում էր իրականացնել մարդատար վերելակի կառուցում, սակայն կապալառու կազմակերպությունը սահմանված ժամկետներում աշխատանքները չի կատարել, ինչի պատճառով հատկացված գումարն ամբողջությամբ հետ է վերադարձվել պետական բյուջե:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250