
Ադրբեջանցիները անընդհատ փորձում են սադրել, բայց հաջողության չեն հասնում. իրավիճակը Սյունիքում

Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ վարչական շրջանում իրավիճակը վերահսկելի կանոնավոր է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխ վարչական շրջանի ղեկավար Հակոբ Արշակյանը։
Նա ասաց, որ ադրբեջանցիները սադրանքների չեն դիմում, սակայն իրենք էլ զգոնությունը չեն կորցնում, քանի որ թշնամին ընդամենը մի քանի մետր է այն կողմ։
Նույն վիճակը նաև Որոտան վարչական շրջանում է։
Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցը ևս տեղեկացրեց, որ իրենց մոտ էլ է վերահսկելի վիճակը, գյուղն ապրում է իր բնականոն կյանքով՝ չկորցնելով զգոնությունը։
Տեղի համայնքապետ Երվանդ Շադունցն էլ ասաց, որ ադրբեջանցիները անընդհատ փորձում են սադրել, բայց հաջողության չեն հասնում։
«Դե որ պարապ են մնում, սադրանքների դիմում են, պարապ չեն լինում՝ չեն դիմում։ Մեր հովիվներն էլ ճիշտ են արել, որ դրանց սադրանքին պատասխանել են, բոլորն էլ այդպես պիտի անեն, ոչ թե սուս -փուս նստեն՝ դիմացից ինչ անեն, իրենք էլ խելոք նստեն՝ նայեն։ Մարդ պիտի սեփական կարծիք ունենա, սեփական հողը պահել իմանա, հողի արժեքը իմանա»,-ասաց Շադունցը։
Նա տեղեկացրեց, որ գյուղացիներին զինել են, գիշերները գնում-հսկում են տարածքը, մարտական հերթապահություն են իրականացնում, շրջում են։
Կապան խոշորացված համայնքի համայնքապետ Գևորգ Փարսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց համայնքում ամեն ինչ լավ է, ադրբեջանցիները սադրանքների չեն դիմել և նոր փոփոխություններ չկան։