Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչ բանակցային ժառանգություն է ստացել ԼՂ հարցում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ, որը գործող իշխանությունը ժառանգել է 2018 թվականին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն ընդգծեց, որ 2018 թվականին, երբ իրենք եկել են իշխանության, եղել է մի իրավիճակ, երբ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ձախողված է եղել ու եղել է նախապատերազմական վիճակ: «2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը, որն այդ պահի դրությամբ վերջին 10 տարում Ղարաբաղի հարցով զբաղվող թիվ մեկ պաշտոնյան է եղել, ասել է, որ բանակցությունները կանգնած են և լավատեսության հիմք չեն տալիս և ասել է, որ այլևս չպետք է հույս ունենալ, որ Ադրբեջանը ուխտադրուժ ձևով չի փորձելու պատերազմի միջոցով լուծել Ղարաբաղի հարցը: Այսինքն, 2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցում մենք ունեցել ենք այս վիճակը՝ բանակցությունները ձախողված են, նախապատերազմական վիճակ է: Եվ մենք ի՞նչ ենք արել. բոլոր հնարավոր ձևերով փորձել ենք բանակցային գործընթացը դուրս բերել փակուղուց՝ առաջարկելով կառուցողական բանաձևեր և արել ենք առավելագույնը, որպեսզի Հայաստանը մաքսիմալ պատրաստվի պատերազմի: Բայց ստացվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի պատերազմին Ադրբեջանը պատրաստվում էր 16 տարի, իսկ Հայաստանը պատրաստվում էր 2 տարի: Եվ սա ճշմարտություն է, և այս ճշմարտությունը բոլորիդ աչքի առաջ է եղել»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացն անընդհատ ձախողվել է: «Մեզ մեղադրում են, ասում են՝ դե ադրբեջանցիներին հույս չտվեցին, որ այն, ինչ ուզում են ստանալ, կստանան բանակցությունների եղանակով: Սա մեջբերում է ձեզ հայտնի անձից: Իսկ հարց՝ բանակցային գործընթացի ընթացքում Ադրբեջանը հույս տվե՞լ է մեզ, որ Ղարաբաղի հարցը լուծվելու է այնպես, ինչպես հայ ժողովուրդը պատկերացնում է: Ադրբեջանը շարունակաբար ասել է, որ Ղարաբաղը համարում է իր տարածք, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն իրեն, իսկ եթե չվերադարձվեն, ռազմական ճանապարհով լուծելու է հարցը: Ադրբեջանը նաև հայտարարել է, որ միլիարդավոր դոլարներ է դնում զենք-զինամթերք ձեռք բերելու համար: Հայկական կողմի մի ժամանակ բանակցողն ասում է՝ դե պետք էր ադրբեջանական կողմին հույս տալ, որ այն, ինչ ուզում է ստանալ, կստանա բանակցային եղանակով: Ես ասացի, թե Ադրբեջանը ինչ էր ուզում ստանալ: Հիմա եղավ, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի բանակցային տակտիկան եղել է հետևյալը՝ Ադրբեջանին տալ հույս, որ այս ամեն ինչը բանակցային ճանապարհով կստանա: Եվ ասեմ ձեզ, հասել են այդ նպատակին, որովհետև 2018 թվականի բանակցային իրավիճակում նույնիսկ այն, ինչ Սերժ Սարգսյանը համարում է ընդունելի, դա, ըստ էության, Ադրբեջանի հույսերի արդարացումն է, որ բանակցային ճանապարհով նա կստանա 7 շրջանները և Ղարաբաղը: Եվ նրանից առաջ բանակցողն էլ ինքն է խոստովանում, որ տակտիկան եղել է հույս տալը, որ Ադրբեջանը կստանա այն, ինչ ուզում է»,- մանրամասնեց Փաշինյանը:
Նա հարց բարձրացրեց՝ թող այդ դեպքում ասեն, թե իրենց ինչ հույս է տրվել: «Եթե բանակցային կողմն ասում է, որ մենք պետք է դիմացին հույս տանք, տրամաբանական է, որ դիմացինն էլ պետք է մեզ հույս տար: Ինչի՞ հույս է տվել մեզ Ադրբեջանը: Մենակ մի բանի հույս է տվել: Միակ տարբերակը, որտեղ այս հույսի տրամաբանությունը կարող էր գործել, հետևյալն է, որ քննարկվել է, որ Մեղրին փոխանակեն Ղարաբաղի հետ: Այսինքն, դա՞ է հույսը: Եվ ես կարծում եմ, որ այդ մարդիկ իրենց հայտարարությունների համար պետք է պատասխան տան: Հանրությանն ասեք՝ ի՞նչ հույս եք տվել Ադրբեջանին բանակցությունների ընթացքում, և Ադրբեջանը ինչի՞ հույս է տվել: Եվ դա պետք է ցույց տան հրապարակային հայտարարություններով և փաստաթղթերով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նաև հավելեց, որ 2018 թվականին չի եղել բանակցային կոմբինացիա, որը շատ թե քիչ ընդունելի համարելը հնարավոր է համարվել իր կողմից: «Ես չեմ տեսել նման տարբերակ: Դա եղել է ժամանակին Ադրբեջանին տված հույսերի կուլմինացիան»,- ասաց նա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայտարարություններին՝ Լաչինի և Քելբաջարի շրջանների՝ հայկական վերահսկողության տակ մնալու վերաբերյալ: «2018 թվականի այն տրամաբանությամբ, որ եղել է բանակցային սեղանին, ոչ մի բան չէր մնում մեր վերահսկողության տակ: Ընդ որում՝ Հայաստանն անընդհատ հույս էր տալիս, իսկ Ադրբեջանն ավելի շատ էր ուզում, և ինչքան ավելի շատ էր ուզում, պետք էր ավելի շատ հույս տալ: Եվ խաղաղության ապահովման միակ եղանակը համարվել է ավելի շատ հույս տալը: Շատ լավ, կարող է լինել տրամաբանություն, ևս 30 տարի հույս տայինք, ևս 30 տարի ձգեինք, բայց գալիս է պահը, երբ դիմացինն ասում է, որ խոսքից պետք է անցնել գործի: Եվ շատ կարևոր է, որ այդ հույսերը արդեն ոչ միայն Ադրբեջանի ակնկալիքն էին դարձել Հայաստանից, այլև միջազգային հանրության և միջնորդների: Մենք այս իրավիճակում ենք ժառանգել Ղարաբաղի հարցը: Եվ դա փաստաթղթերով է ապացուցելի»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ միակ կոմպոնենտը, որը կարող էր մխիթարող դերակատարում ունենալ, Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի թեման էր: «Բայց Ադրբեջանը և միջնորդները, ըստ էության, 2016 թվականից արձանագրել են, որ միջանկյալ կարգավիճակ չի լինելու: 2016 թվականի հունվարին, ըստ էության, Հայաստանին ներկայացվել է, որ Հայաստանը պետք է միջանկյալ կարգավիճակի գաղափարից հրաժարվի: Հայաստանը, բնականաբար, մերժել է, որից հետո 2016 թվականի ապրիլին սկսվել է ապրիլյան պատերազմը, որից հետո 2016 թվականի ամռանը ներկայացվել են առաջարկներ, որտեղ միջանկյալ կարգավիճակ հասկացությունը գոյություն չունի: Դրանից հետո տեղի է ունեցել բանակցային գործընթաց, որի արդյունքում հայկական կողմը, ըստ էության, համաձայնվել է, որ նաև Քելբաջարի ու Լաչինի շրջանները պետք է հանձնի՝ առաջարկելով վերադարձնել միջանկյալ կարգավիճակի տրամաբանությունը, ինչը Ադրբեջանը մերժել է: Հասկանո՞ւմ եք, բանակցային գործընթացում երկու կողմ է ձևավորվել, որոնցից մեկի հույսերն անընդհատ պիտի մեծանան, և երկրորդ կողմն էլ նա է, որը պետք է ավելի ու ավելի շատ մեծ հույսեր տա դիմացինին: Եվ երբ ամեն ինչի հույսը տրված է, արդեն գալիս է գործողության ժամանակը»,- ասաց Փաշինյանը:
Նա խոսեց նաև այն մասին, թե ի՞նչ պետք է տեղի ունենար հետո, եթե նույնիսկ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակն ընդունվեր:
«Նախ շատ կարևոր առանձնահատկություն կա, որ 1998 թվականին Քոչարյան-Սարգսյան զույգը իշխանափոխությունն արել են այն տրամաբանությամբ, որ Ղարաբաղի հարցը փուլային եղանակով չպետք լուծվի, այլ պետք է լուծվի փաթեթային եղանակով: 2018 թվականին բանակցային սեղանին եղել է և այդ ողջ ընթացքում բանակցել են մի փաստաթուղթ, որը վերնագրված է՝ ԼՂ հակամարտության կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին: Քաղաքական խորամանկություն են արել, որպեսզի չստացվի, որ 1998 թվականին այդ քաղաքական հանձնառությունից խուսափել են, այնտեղ մի նախադասության մեջ գրվում է՝ այս լուծումը փաթեթային է և փոխներառված է: Այդ նախադասությունը ձևակերպել են հայկական կողմի խնդրանքով: Բայց այստեղ ուրիշ խնդիր կա: Նույնիսկ, եթե այդ պայմանագիրը ստորագրվում էր, ի՞նչ էր տեղի ունենում: Դա արդյոք մտնում էր ուժի մեջ: Ոչ, որովհետև գրված է, որ այս գործողություներն արվում են նրանից հետո, երբ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները միջպետական բանակցությունների ճանապարհով մնացած հարցերն են լուծում: Այսինքն՝ բանակցվել է մաքուր փուլային տարբերակ: Ասվում է, որ վերջնական կարգավիճակը պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտությունը ապահովող հանրաքվեի միջոցով: Ես այս վերջերս հարց բարձրացեցի՝ ի՞նչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն: Եվ Սերժ Սարգսյանի թիմը ստիպված էր խոստովանել, որ այդտեղ խոսքը գնում է նաև Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիների մասին, իսկ Ղարաբաղի բնակչություն համարվելու համար պետք է բնակվել Ղարաբաղում: Այդ 40 հազար ադրբեջանցին, որ Ղարաբաղում պիտի բնակվեր, որտե՞ղ պիտի բնակվեր: Իհարկե, պիտի բնակվեր այնտեղ, որտեղ նախկինում բնակվել է: 40 հազար ադրբեջանցի Ղարաբաղից դուրս է եկել 1988 թվականին: Հիմա այնտեղից դուրս եկածները և իրենց ժառանգները քանի՞սն են: Որևէ կասկած չունենաք, որ Ադրբեջանն ասելու էր՝ հիմա նրանք 120 հազարն են: Ընդգծվում է, որ ենթադրվող հանրաքվեն պետք է տեղի ունենա կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում: Ադրբեջանական կողմն ասում էր, որ իմ դիրքորոշումն այն է, որ առաջիկա 100 տարում այդ հանրաքվեն պետք է տեղի չունենա: Այդ փաստաթղթում գրված է նաև, որ տեղի է ունենում համաժողովրդական հանրաքվե, որն արտահայտում է ԼՂ ամբողջ բնակչության ազատ կամարտահայտումը: Այսինքն, կա ժողովուրդ, և կա բնակչություն: Բնակչությունը ԼՂ բնակչությունն է, որը ըստ Քոչարյան-Սարգսյան զույգի բանակցած տարբերակի, կազմված է հայերից և ադրբեջանցիներից: Բա համաժողովրդական հասկացության ժողովո՞ւրդը: Ո՞ր ժողովրդի մասին է խոսքը: Այստեղ է, որ շատ սկզբունքային կարևոր բան է տեղի ունենում: Ադրբեջանն ասում է, որ իր Սահմանադրության համաձայն՝ որևէ տարածքի կարգավիճակի որոշման հարցով հանրաքվե կարող է տեղի ունենալ միայն ամբողջ Ադրբեջանի կազմում: Եվ հետևաբար, սա է Քոչարյանի տված հույսերը»,- ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ ինքը ներկայացրեց ամբողջ շղթան՝ շեշտելով, որ այն, ինչ ասաց, թղթի վրա գրված է:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը խելագարվելու դրվագ է պատմել պատերազմից. «Մի քանի միլիոն դոլարի զինամթերքը տեղում ոչնչացել է»
2016 թվականի պատերազմի ժամանակ մեր զենք-զինամթերքը սպառվել է, կամ սպառվելու եզրին է եղել, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Ադրբեջանի հետ ճանապարհների ապաշրջափակման վտանգները համեմատեց տանից դուրս գալու ու արևահարվելու հետ
Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շենգավիթի շտաբում հանդիպել է իր համ...
«Բաքուն պատրաստ է լուծել Հայաստանի հետ սահմանային հարցը». Ադրբեջանի վարչապետ
Բաքուն սատարում է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու Մոսկվայի...
«Ռուս խաղաղապահները բարձրացել են դիրքեր,մեկ ժամից մի փոքր ավելի մնացել ու վերադարձել». Կութի վարչական ղեկավար Սիմա Չիտչյան
Ռուս խաղաղապահներն իրենց դրոշներով բարձրացել են Կութ գյուղի դիրքեր։ Այս մասին այսօր, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Կու...