ԵԱՀԿ գործող նախագահը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ:
«Չկարգավորված բոլոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցային ճանապարհով։ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել և վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել երկխոսությանը նպաստող մթնոլորտ ձևավորելու նպատակով»,- թվիթերյան իր էջում գրել է Լինդեն:
Ավելի վաղ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ ներգրավված բոլոր մասնակիցներին կոչ անելով զսպվածություն դրսևորել՝ խուսափելու համար որևէ գործողությունից, որը կարող է սրել հետագա լարվածությունը:
ԱՄՆ-ն մտահոգություն է հայնտել վերջին զարգացումների, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից «մի քանի հայ զինվորների կալանավորման» կապակցությամբ՝ կոչ անելով կողմերին անհապաղ և խաղաղ եղանակով կարգավորել միջադեպը:
«Շարունակում ենք նաև կոչ անել Ադբեջանին անմիջապես ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց և հիշեցնում ենք Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում իր պարտավորվածությունների մասին, այն է՝ մարդկային վերաբերմունք դրսևորել բոլոր կալանված անձանց նկատմամբ:
Միացյալ Նահանգները սադրիչ և անհարկի է համարում ցանկացած տեղաշարժ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի չսահմանագծված հատվածներում: Մերժում ենք ուժի կիրառումը սահմանագծման նպատակով և կոչ անում երկու կողմին վերադառնալ իրենց նախկին դիրքեր և դադարեցնել ռազմական ամրացումները և ականների տեղադրումը չսահմանագծված սահմանին: Մասնավորապես կոչ ենք անում Ադրբեջանին տեղափոխել զորքերը մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր: Հայաստանին ևս կոչ ենք անում տեղակայել իր ուժերը մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքերում և ողջունում ենք այդ նպատակով արվող հայտարարությունները: Այս գործողությունները կնպաստեն լարվածությունների ապաէսկալացիային և պայմաններ կստեղծեն խաղաղ բանակցությունների գործընթացի համար՝ ուղղված սահմանագծմանը: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այս ջանքերին»,- ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ:
Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած միջադեպերի առնչությամբ, մասնավորապես`մայիսի 26-ի գիշեր լույս 27-ին ադրբեջանական զորքերի կողմից 6 հայ զինվորի գերեվարման համար:
«Ֆրանսիան կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն դրսևորել և զերծ մնալ ցանկացած սադրանքներից: Երկու երկրի միջև սահմանի սահմանագծումն ու սահմանազատումը պետք է տեղի ունենա բանակցությունների շրջանակում՝ առանց տեղում ընթացող գործողությունների»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն մայիսի 27-ին Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ ունեցած հեռախոսազրույցում վերահաստատել է Հայաստանին և Ռուսաստանին ուղղված կոչը բոլոր ի հայտ եկող խնդիրները բանակցությունների ընթացքում խաղաղ եղանակով կարգավորելու մասին:
«Ռուսաստանը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: