ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի ախորժակը մեծացել է. Հայաստանի սահմանը` նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո
Սեպտեմբերի 27-ին մեկնարկած 44-օրյա պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ին` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հրադադարի հայտարարության ստորագրմամբ: Պուտինի, Փաշինյանի և Ալիևի համատեղ հայտարարությամբ նոր ստատուս-քվո ձևավորվեց ոչ միայն Արցախում, այլ Հայաստանում: Ադրբեջանի հետ սահմանակից դարձան Սյունիք, Վայոց ձոր ու Գեղարքունիք մարզերը: Այսպիսով` ՀՀ պետական սահմանը մի քանի հարյուր կիլոմետր երկարեց:
Սահմանազատումները Հայասատնի և Ադրբեջանի միջև արվում են հիմնվելով ԽՍՀՄ քարտեզների վրա, քանի որ այդ քարտեզները իրավականորեն երկու երկրների կողմից հաստատված են և հարցեր չեն առաջացնում:
GPS սարքերով սահամաններրի ճշգրտման աշխատանքներին մասնակցում են Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը: Այս գործընթացը դեռ ավարտված չէ:
Սահմանազատումները հասարակության շրջանում խուճապ առաջացրեցին: Կասկածի տակ դրվեց սյունեցիների և մյուս սահմանամերձ համայնքների բնակիչների անվտանգության հարցը:
Ինչպես պարզ դարձավ մայիսի 12-ին` անհանգստությունները տեղին էին: Լուրեր տարածվեցին, որ Սյունիքի Իշխանասարի շրջանում ադրբեջանցիների առաջաղացման մասին: Ասում էին, թե հայերի և ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել, կրակոցներ են հնչել, կան վիրավորներ:
Կրակոցների և վիրավորների մասին տեղեկությունները պաշտոնապես հերքվեցին: Մինչ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը փորձում էի համոզել, որ ադրբեջանցիները Սյունիքում մոլորվել են, ՊՆ-ն նույն օրը հաստատեց կեղծ քարտեզներով հակառակորդի` Սյունիք ներթափանցելու մասին լուրերը:
Ավելի ուշ պարզ դարձավ` մեր պետական սահմանը խախտել են ոչ միայն Սյունիքում, այլ նաև Գեղարքունիքում: Բնակիչները հայտնում են, որ մայիսի 13-ից հակառակորդը Կութ և Վերին Շորժա բնակավայրերի հատվածում մոտ 2 կմ խորացել է։ Մոտեցել ու գյուղի հովվին հրահանգել են հավաքել անասուններին ու հեռանալ։ Ադրբեջանը` և Սյունիքում և Գեղարքունիքում վերադիրքավորվել է:
Մայիսի 13-ին Նիկոլ Փաշինյանը նախ կառավարությունում, հաջորդիվ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց` Սյունիքի Սև լճի տեղանքում ադրբեջանական զինուժի մինչև 3,5 կիլոմետր ներթափանցման մասին:
Որպեսզի պարզ պատկերացնենք այն իրավիճակը, որում հայտնվել ենք, նշենք, որ Սյունիքի սահմանամերձ Ակներ բնակավայրը Ադրբեջանական սահմանից հեռու է ուղիղ գծով 9 կմ, իսկ այժմ` ընդամենը 5.5 կմ: Հակառակորդը, ըստ փորձագիտական շրջանակների, փորձում է Սև լիճը վերցնել իր վերահսկողության տակ, զբաղեցնել բարձրադիր դիրքեր, որտեղից ուղիղ նշանառության տակ կվերցնի ամբողջ Սյունիքը: Որոշ մասն էլ պնդում է` Ալիևը փորձում է իրագործել Զանգեզուրի միջանցքի պլանը, որի մասին վերջինս բաց տեքստով հայտարարել էր:
Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, խորհրդակցություններ սկսելու համար: Փաշինյանը դիմեց նաև Ռուսաստանին` ռազմական օգնության հարցով:
Մինչ օրս Սահմաններից անհանգստացնող լուրեր են շրջանառվում, մինչև անգամ այն մասին, որ Հայաստանում, հայ հողի վրա, շրջափակման մեջ մնացած մոտ 3 տասնյակ զինվորականներ կան, անկախ ՊՆ հերքումից` բնակիչները բարձրաձայնում են այս մասին: ՊՆ-ն հաստատեց նաև Գեղարքունիքում հայ-ադրբեջանական սահմանապահների բախման մասին լուրերը: Իրավիճակը գերլարված է:
Չկահավորված և հերթապահություն չիրականացվող հայկական տարածքը խախտած ադրբեջանցի զինվորակնները հրաժարվում են հետ վերադառնալ իրենց ելման դիրքեր: Եռակողմ ձևաչափով իրականացվող բանակցությունները արդյունք չեն տալիս: Հատկանշական է, որ Համաձայն ԽՍՀՄ քարտեզների Սև լճի մեծ մասը Հայաստանի տարածքում է: Դրանում համոզվել է նաև ռուսական կողմը, քանի որ բանակցությունների ժամանակ 102-րդ ռազմաբազայի ներկայացուցչի քարտեզները համընկել են հայկական կողմի քարտեզների հետ: Նույն պատկերն է նաև առցանց քարտեզներով: Անկախ այս ամենից արդեն տաս օր է հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ տարածքում և, ըստ ամենայնի, փորձել բախում հրահրել:
Պայմանավորվածությունները, որոնց համաձայն Ադրբեջանը պետք է հետ քաշվեր` չեն կատարվել, ավելին` ադրբեջանցիներն արդեն հրաժարվել են ներկայանալ բանակցություններին : Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է` Հայաստանում գտնվող ադրբեջանական զորախմբի ողջամիտ ժամկետներում ՀՀ տարածքից դուրս չգալու դեպքում հայկական զինված ուժերը մինչև անգամ ուժային տարբերակով կանեն դա։
Սպասելիք օգնությունը ՀԱՊԿ-ից այդպես էլ չեղավ, փոխարենը Ռուսաստանը հայտարարեց, որ պատրաստ է միջնորդ հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև` տարածքային հարցերը ճշգրտելու և սահմանազատում իրականացնելու հարցում:
Մայիսի 20-ին Վարչապետը հաստատեց նախորդ օրվանից շրջանառվող` նոր փաստաթղթի մասին լուրը: Ըստ տեղեկությունների` Հայաստանը կրկին տարածքներ է պատրաստում զիջել, վարչապետը պնդում է` ստորագրելու է, քանի որ այդ փաստաթուղթը պետական շահն է սպասարկում:
Մանրամասները` տեսանյութում.
Հեղինակ` Սաթեն Եղիազարյան