Փաշինյանը կոչով դիմել է քաղաքացիներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե՝ հանդիպել գերատեսչության ղեկավար կազմին և աշխատակիցներին։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ հարկային համակարգը և պետական եկամուտներն այն ինստիտուտներից են, որոնք մեզանում թերագնահատված են։
«Բայց վարչապետի պաշտոնում առավել ևս հասկանում ես, որ պետական բյուջեի եկամուտները և հարկային համակարգն առաջնային են, որովհետև առանց բյուջեի չկա պետություն։ Կարծում եմ, որ առանց հարկային համակարգի պետության գոյության անհնարինությունը մեզանում բավարար չափով գիտակցված չէ, և հարկային, պետական եկամուտների հավաքագրման համակարգը ցանկացած պետության հենասյուներից մեկն է»,– ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկրի անվտանգության ապահովումը, կրթության, առողջապահության ոլորտների զարգացումը, ճանապարհների կառուցումը՝ այս ամեն ինչը կախված է նրանից, թե ինչքան եկամուտ ունի պետական բյուջեն և ինչքանով է ծախս գեներացնում։ Վարչապետը պետական բյուջեի եկամուտների ծախսի որպես վառ օրինակ ընդգծել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որի մեկնարկը տրվելու է 2026 թվականից։
«Կարծում եմ, բացի այն, որ մենք երևացող շերտերին ենք անդրադառնում՝ ՀԴՄ, հարկեր, օրենք, օրինականություն, պետք է այս խորքային շերտերին էլ անդրադառնանք, որպեսզի մարդիկ այս ըմբռնումն ունենան։ Այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ՝ 50-60 հազար ընտանիք, բնակարան է ձեռք բերում նորակառույց շենքերում։ Եվ դա, ըստ էության, մի մեծ մասով տեղի է ունենում պետական բյուջեի եկամուտների հաշվին, որովհետև պետական բյուջեից եկամտային հարկի վերադարձ է տեղի ունենում և այլն»,– շեշտել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հարկերի հավաքագրումը նաև պետության գործունակության շատ կարևոր մի ցուցիչ է համարել․ «Եթե այստեղ շոշափելի և էական պրոբլեմներ կան, դա արդեն ինքնին ազդակ է, թե ինչքանով է տվյալ պետությունը գործունակ։ Եվ ՊԵԿ-ի եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշները պետության գործունակության շատ կարևոր ցուցիչ են։ Իհարկե, այստեղ էլ կրկին չեմ մոռանում շնորհակալություն հայտնել՝ Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին։ Դա էլ գիտակցական ճամփորդություն է, որ գալիս հանգում ենք նաև, որ այս պրոցեսների մեջ ՀԴՄ կտրոն տրամադրող կամ պահանջող քաղաքացիները նույնպես շատ էական դերակատարում ունեն։ Այստեղ էլ հայեցակարգային հարցեր կան, որ բոլորս դեռևս բավարար խորությամբ չենք գիտակցում»։
Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը չափազանց կարևորել է ՀԴՄ կտրոնի տրամադրումը և կոչ արել մարդկանց պահանջել այն՝ դրանով իսկ նպաստելով երկրում շատ հարցերի լուծմանը։
Վարչապետն անդրադարձել է երկրի տնտեսությանը և նշել, որ թեև 2018-ի հեղափոխությունից հետո այն 50%-ով աճել է, բայց դեռ հարկային գործառույթների բարելավման, մասնավորապես ստվերի կրճատման ուղղությամբ անելիքներ շատ կան։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ՊԵԿ-ը ոչ թե ուժային կառույց է, այլ մի կառույց, որն աջակցում է տնտեսվարողին, որպեսզի վերջինս իր գործերը ճիշտ կազմակերպի։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև դրոշմավորման նոր համակարգին և ընդգծել, որ դրա նպատակն ապրանքի հետագծելիություն ապահովելն է։ Վարչապետի դիտարկմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նկատմամբ վստահությունը պետք է մեծացնել այսպիսի մեթոդներով, բարեփոխումներով․ «Ընդհանուր առմամբ, հենց այս փափուկ գործիքները, որ մենք կիրառենք, հնարավորություն է տալու Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքի իմաստն ու բովանդակությունը կերպափոխել, որ մի իքս պահի, ես հավատում եմ, ՊԵԿ-ը դառնալու է տնտեսվարողների ամենասիրելի պետական մարմինը, որն իրենց անընդհատ աջակցում է, որ իրենք ճիշտ ճանապարհներով շարժվեն առաջ և ճիշտ արձանագրումներ անեն»։
Նմանատիպ հոդվածներ
Նոր որոշում՝ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետների վերաբերյալ
Կառավարությունը հաստատվել է ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետների երկարաձգումը: Այս...
Զարգացումներ կլինեն ոչ միայն Հայաստան -Ադրբեջան սահմանին, այլ նաև ՀՀ-Թուրքիա սահմանին․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ՊԵԿ-ի աշխատանքից «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում, քանի որ ըստ նր...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...