
Զորամասի հրամանատարը բռնություն է գործադրել զինվորների նկատմամբ. ArmLur

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Կապանի զորամասի հրամանատար Արայիկ Մադաթյանը վերջերս զորամասում վիճել է մի քանի զինվորների հետ, քաշքշել, ապտակել ու հաթաթա տվել. «Եթե ես իմ ուզածին չհասնեմ, ես էս զորամասի հրամանատարը…. երկուսիդ էլ ջարդելու եմ»:
Կայքին հասած տեղեկությունների համաձայն, 44-օրյա պատերազմից հետո Արցախից մի խումբ ժամկետային զինծառայողներ են եկել արձակուրդ, որոնց մի մասը արձակուրդի ավարտից հետո հրաժարվել է հետ վերադառանալ Արցախ՝ ծառայության: Արդյունքում ՊՆ-ն որոշում է կայացրել պարտադիր ժամկետային զինծառայողներին, որոնք հրաժարվել են Արցախ գնալ ծառայության, ուղարկել Հայաստանի տարբեր զորամասեր։
Եվ Կապանի զորամասի հրամանատար Արայիկ Մադաթյանն ամենայն հավանականությամբ իր նշանառության տակ է վերցրել այս զինվորներին ու բանը հասել է միջադեպին, հրամանատարը ապտակել, քաշքշել ու սպառնացել է զինվորներին, թե «ջարդելու»է: Այս միջադեպին ականատես է եղել գրեթե ողջ զորամասը, որտեղ ամեն կերպ փորձել են հանգստացնել հրամանատար Մադաթյանին, բայց նա շարունակել է գորգոռալ։
Լրատվականի ձեռքում է հայտնվել միջադեպի տեսաձայնագրությունը, սակայն հաշվի առնելով 44օրյա պատերազմից հետ հայկական բանակում առկա խնդիրները ու մեր երկրի անվտանգային միջավայրը, լրատվականը այն չի հրապարակել ամբողջությամբ։
Կապանի հրամանատար Մադաթյանը ՀՀ ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ծառայակից ընկերն է, մտերիմը։ Ավելին, նա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդկանցից է, որը վերջերս է նշանակվել Կապանի զորամասի հրամանատար։
Ինչ է ստացվում. հետհեղափոխական Հայաստանում, լիելով վարչապետի վստահելին ու ԶՈւ գլխավոր շտաբի պետի մտերիմը, հրամանատարն իրեն թույլ է տալիս դաժան պատերազմ տեսած զինվորին սպառնալ, հարվածել։
Երեկվանից կայքը փորձել է զրուցել հրամանատար Արայիկ Մադաթյանի հետ, սակայն նա շարունակ անջատել է հեռախոսը:
Վերջում հավելենք, որ միջադեպի ամբողջական տեսաձայնագրությոունը պատրաստ ենք տրամադրել իրավապահներին, երբ միջադեպի մասով հարուցված կլինի քրեական գործ եւ հավանականություն, որ մեղավորները կպատժվեն։
Auroranews-ն էլ միջադեպի վերաբերյալ տեղեկություն ստացավ ՀՀ ՊՆ-ից, որտեղից մեզ ասացին, որ արդեն զբաղվում են տվյալ գործով: