Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում իրավիճակը պայթյունավտանգ է․ Փաշինյան

Արդեն երկրորդ օրն է՝ Սյունիքի մարզի Սեւ լճի շուրջ եւ մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է․ պատճառն այն է, որ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների որոշ խմբեր հատել են ՀՀ պետական սահմանը եւ Սեւ լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել։ ՀՀ ԶՈՒ-երը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել։ Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեր զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից։ Ո՛չ ՀՀ, ո՛չ էլ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների կողմից հրազենի կամ այլ զինատեսակի կիրառման դեպք չի գրանցվել։ Այնուամենայնիվ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։