
Մանկապարտեզում գտնվելու ընթացքում երեխան պետք է ստանա կոնկրետ գիտելիքներ և հմտություններ. Փաշինյան

Կվերանայվեն նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները։ Համապատասխան նախագծի որոշմանը հավանություն տրվեց կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշեց, որ հաշվի առնելով երեխաների զարգացման տեսանկյունից որոշ ոլորտներում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների վերաբերյալ միջազգային հետազոտությունների արդյունքները, անհրաժեշտություն է առաջացել վերանայել նախադպորցական կրթության պետական կրթական չափորոշիչները։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշմամբ բովանդակային կարևոր արձանագրում են անում. «Սրանով արձանագրում ենք, որ մանկապարտեզը ոչ թե ուղղակի մի տեղ է, որտեղ ծնողները X ժամից Y ժամը թողնում են իրենց երեխաներին, այլ սա կրթության բաղկացուցիչ մասն է։ Նախակրթությունը պետք է ապահովի երեխայի սահուն մուտքը դեպի հանրակրթական համակարգ։ Մանկապարտեզում գտնվելու ընթացքում երեխան պետք է ստանա կոնկրետ գիտելիքներ, կոնկրետ հմտություններ։ Այս չափորոշիչով սահմանվում է, թե ինչպիսին պետք է լինեն դրանք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։