Oրենսդրական փոփոխություններ են առաջարկվել` ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության համար

Վերջին տարիներին լայն տարածում են ստացել ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության, այնուհետև նշված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում պահանջելու կամ առանց նման պահանջի դեպքերը: 

ՀՀ դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է՝ 2020թ. և 2021թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում միայն Երևան քաղաքում արձանագրվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության 306 դեպք: 

 

Արձանագրված դեպքերից 261-ով որոշումներ են կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, ընդ որում, դրանցից 235-ը՝ հանցակազմի բացակայության, 17-ը՝ հանցադեպի բացակայության, 9-ը՝ դիմողի բողոքի բացակայության հիմքերով, իսկ 3 դեպքով նյութերի նախապատրաստումն այդ պահին եղել է ընթացքի մեջ: 

 

Արձանագրված 306 դեպքերից քրեական գործեր են հարուցվել միայն 42-ով, այն էլ այն դեպքում, երբ հափշտակված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում է պահանջվել: Ըստ այդմ՝ 41 գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով: 

 

Այս պայմաններում շարունակվող դեպքերը, բացի համարանիշների սեփականատերերին վնաս պատճառելուց, նպաստավոր պայմաններ են ստեղծում նաև այդ համարանիշները այլ՝ առավել վտանգավոր հանցագործությունների կատարման ժամանակ օգտագործելու համար:

Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու առաջարկություն՝  տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առարկաների շարքում նախատեսելու և հիշյալ հոդվածի շրջանակներում դրա հափշտակության համար քրեական պատասխանատվություն սահմանելու համար: Հաշվի առնելով, որ գործնականում քիչ չեն տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշների շորթման դեպքերը՝ առաջարկվում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածում նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմի դրսևորումների շարքում նախատեսել նաև շորթումը: 

 

Բացի այդ՝ ելնելով նրանից, որ համարանիշների նկատմամբ կատարվող ոտնձգությունների արդյունքում երբեմն դրանց սեփականատիրոջը պատճառվում է խոշոր՝ մինչև 8 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս, և չբացառելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի մյուս առարկաների դեմ ոտնձգությունների արդյունքում ևս կարող է տուժողին պատճառվել խոշոր վնաս՝ դատախազությունն առաջարկել է որպես ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածում նախատեսված հանցանքների ծանրացնող հանգամանք՝ նախատեսել հիշյալ արարքների կատարումը, որոնցով պատճառվել է խոշոր կամ առանձնապես խոշոր վնաս: 

 

Դատախազության կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխության ընդունման դեպքում ակնկալվում է ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի շրջանակներում քրեական պատասխանատվություն սահմանել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հափշտակության, ինչպես նաև շորթման համար: Արդյունքում հիշյալ հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը կդառնա առավել թիրախային, կապահովվի իրավական որոշակիությունը և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումը: 

Քաղաքականություն