Հյուսիսային Կորեայի զինծառայողը ճեղքել է խիստ հսկվող ականապատ սահմանն ու անցել Հարավային Կորեա
Կորեական թերակղզում հերթական արտառոց միջադեպն է գրանցվել․ Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) զինծառայողին հաջողվել է անցնել խիստ հսկվող և ականապատված սահմանը։
Չորեքշաբթի գիշերը սահմանն անցնելուց հետո տղամարդը անցել է հսկողության տակ։ Ըստ ընդունված կարգի՝ փախստականներին նախ փոխանցում են Հարավային Կորեայի հատուկ ծառայություններին՝ նրանց ինքնությունն ու դրդապատճառները ստուգելու համար:
Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեն հաստատել է միջադեպի փաստը, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ հավելյալ մանրամասներ առայժմ չի տրամադրել:
Ինչպես հայտնում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը, զինվորը դեռևս փախուստից առաջ հայտնել էր Հարավային Կորեայի կողմն անցնելու իր մտադրության մասին: Դեպքի առթիվ սկսվել է հետաքննություն։
Սա ընթացիկ տարում սահմանն անցնելու նմանատիպ առաջին հաջողված դեպքն է։
Հիշեցնենք, որ երկու Կորեաների միջև սահմանը խիստ ականապատված է և հսկվում է զինված ուժերի կողմից, ինչի պատճառով այս ճանապարհով փախուստի փորձերը ծայրահեղ հազվադեպ են և վտանգավոր:
Հյուսիսային Կորեայում գործում է աշխարհի ամենախիստ տոտալիտար վարչակարգերից մեկը, որտեղ քաղաքացիներին օրենքով արգելված է առանց հատուկ թույլտվության լքել երկրի տարածքը։ Երկրից դուրս գալու ցանկացած փորձ դիտարկվում է որպես «հայրենիքի դավաճանություն» և պատժվում է ազատազրկմամբ, համակենտրոնացման ճամբարներով կամ նույնիսկ մահապատժով։
Բացի այդ, գործում է նաև կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքը․ փախուստի դիմած անձի ընտանիքի անդամները նույնպես ենթարկվում են դաժան հալածանքների և պատիժների։ Հենց այս պատճառով է, որ հյուսիսկորեացիները դիմում են նման ծայրահեղ և կյանքի համար վտանգավոր քայլերի միայն անելանելիության մթնոլորտում։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը բացատրել է՝ ինչ հիմքով են հնարավոր բանակցությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ հիմնվել...
Ռուսաստանը նախազգուշացնում է միջուկային տեղակայման հետևանքների մասին
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Ժնևում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Ռուսա...
Պուտին․ վառելիքի պակասը չի ազդի պատերազմի ընթացքի վրա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ երկրի մի շարք...
ՊՆ-ն հայտարարում է երաժիշտ և պարող զորակոչիկների մասնագիտական լսումներ և դիտումներ
ՀՀ պաշտպանության նախարարությունը 2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում հայտարարում է երաժիշտ և պարող մասնագետ զորակո...