Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է ՀՖԿՍՊԻ-ում իրականացված վերանորոգման աշխատանքներին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ (ՀՖԿՍՊԻ)՝ ծանոթանալու մարզական ենթակառուցվածքներում իրականացված վերանորոգման և արդիականացման աշխատանքներին։
ՀՖԿՍՊԻ ռեկտոր Տիգրան Սիմոնյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ըմբշամարտի, ձյուդոյի, ծանրամարտի և սպորտային մարմնամարզության մարզադահլիճներում, որտեղ իրականացվել են վերականգնման աշխատանքներ։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է ժամանակակից և անվտանգ մարզական պայմանների ստեղծումը՝ նշելով, որ դրանք կարևոր են մարզիկների պատրաստության և սպորտի զարգացման համար։
Նախարարը այցելել է նաև ինստիտուտի հրաձգարան, որտեղ քննարկվել են դպրոցներում սպորտային հրաձգության զարգացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել համապատասխան միջավայրի ստեղծմանը, ուսումնական ծրագրերին և ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստմանը։
Այցի ընթացքում Ժաննա Անդրեասյանը եղել է նաև վոլեյբոլի մարզադահլիճում, որտեղ տեղադրվել է նոր պրոֆեսիոնալ մարզահատակ։ Նա նշել է, որ նախորդ տարի անցկացված «Դպրոցականների վոլեյբոլի լիգային» մասնակցել է ավելի քան 5000 աշակերտ, իսկ այս տարի սպասվում է մասնակցության աճ։
Քննարկվել է նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչների պատրաստման և դպրոցներում առկա թափուր հաստիքների համալրման հարցը։ Նախարարը տեղեկացրել է, որ նախատեսվում է կամավոր ատեստավորման երկրորդ փուլը հաջողությամբ հաղթահարած ուսուցիչների դրույքաչափը հասցնել 300 հազար դրամի։
Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև ՀՖԿՍՊԻ «Սպորտ լաբ» գիտահետազոտական կենտրոն, որտեղ իրականացվում են սպորտային ֆիզիոլոգիայի, կենսամեխանիկայի և վերականգնողական գիտության ոլորտների հետազոտություններ։ Նախարարն ընդգծել է, որ սպորտի զարգացման քաղաքականությունը պետք է հիմնված լինի գիտական տվյալների և հետազոտությունների վրա։
Այցի շրջանակում քննարկվել է նաև «Սպորտը հանուն խաղաղության և առողջության» միջազգային գիտաժողովի ամենամյա անցկացման հարցը, որի նպատակն է ոլորտի խնդիրների ուսումնասիրությունն ու զարգացմանն ուղղված գիտական առաջարկությունների մշակումը։