Էկոնոմիկայի փոխնախարարի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք՝ մեկ ՊՈԱԿ-ում. «Հետք»
Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց մերձավորները աշխատանքի են անցել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ում։ «Հետք»-ը պարզել է, որ հատկապես փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի բարեկամներն ու ընկերները տարբեր պաշտոնների են նշանակվել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։
Կառավարության 2020 թ.-ի որոշմամբ «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն»։ Կառույցից տեղեկացել ենք, որ ՊՈԱԿ-ն ունի 44 հաստիք, որից 2-ը թափուր են։ Ներկայացնում ենք ՊՈԱԿ-ի այն աշխատակիցներին, որոնք փոխկապակցված են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և էկոնոմիկայի նախարարության այլ պաշտոնյաների հետ։ Տիգրան Գաբրիելյանը ԷՆ-ում գյուղատնտեսության ոլորտը համակարգող փոխնախարարներից է։
Գաբրիելյանը բարձրաստիճան պաշտոնյա է 2018 թ.-ից: Երբ գյուղատնտեսության նախարարը ներկայիս ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն էր, Գաբրիելյանը 2018-ի նոյեմբերի 7-ին նշանակվել է նրա տեղակալ։ Հետագայում գյուղատնտեսության նախարարությունը միացվեց Էկոնոմիկայի նախարարությանը, իսկ Տիգրան Գաբրիելյանը զբաղեցրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։ Փոխնախարարի կինն էլ աշխատում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։ 2013 թ.-ից նա զբաղեցնում է գլխավոր մասնագետի պաշտոնը։
Ստորեւ ներկայացնում ենք այն պաշտոնատար անձնաց ցանկը, որոնք կապված են էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի, էկոնոմիկայի նախարարության այլ պաշտոնատար անձանց հետ։
Աննման Գինոսյանը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավաբանն է։ Այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 3-ին։ Աննման Գինոսյանը փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի կնոջ՝ Գոհար Գինոսյանի հորաքույրն է։ Այս փաստը հաստատել է Տիգրան Գաբրիելյանը։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ նա հայտնել է, որ, այո՛, Աննման Գինոսյանն իր կնոջ հորաքույրն է։
Զոհրաբ Մինասյանը ՊՈԱԿ-ի գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը զբաղեցնում է 2020 թ.-ի նոյեմբերի 13-ից։ Զոհրաբ Մինասյանի և փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի ընկերությունը սկսվել է ուսանողական տարիներից։ Փոխնախարարն իր և Մինասյանի կապը հաստատում է՝ նշելով, որ նա եղել է իր համակուրսեցին՝ ի թիվս 120 այլ ուսանողների, որոնցից շատերն աշխատում են գյուղատնտեսության ոլորտին առնչվող այս կամ այն կառույցում։
Զոհրաբ Մինասյանի աշխատանքային ոլորտի մասին ասենք, որ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացի համար թեև կառավարությունը գումար հատկացրել է, բայց դեռ շոշափելի քայլեր չեն իրականացվել։
Սեյրան Մարգարյանը, ըստ մեր աղբյուրի, փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի մանկության ընկերն է։ Նա 2020 թ.-ի ապրիլի 6-ից զբաղեցնում է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնտեսական բաժնի պետի պաշտոնը։ Տիգրան Գաբրիելյանը, սակայն, չի ընդունում Սեյրան Մարգարյանի հետ ընկերական հարաբերության փաստը՝ պնդելով, որ Մարգարյանին ճանաչում է որպես կառույցի աշխատակից։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն ամբողջությամբ վերցրել են Սև լիճը. ռուսները բանակցում են. Սյունիքի նախկին մարզպետ
Քիչ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ ադրբեջացիները ամբողջությամբ վերցրել են Սև լիճը: Auroranews-ը տեղեկատվությ...
ՊՆ-ի պաշտոնական արձագանքը՝ Սյունիքում ադրբեջանցիների գործողությունների մասին
Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականա...
Այս պահին որևէ տեղեկություն ասել չեմ կարող կրակոցների մասին, հակառակորդն ունի կուտակումներ. Գորիսի փոխքաղաքապետ
Այս պահին որևէ տեղեկություն ասել չեմ կարող կրակոցների մասին: Այս մասին AURORANEWS-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապ...
Այսօր ադրբեջանական ԶՈՒ-երը փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում. ՊՆ
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայա...