Հասարակություն

Մարալ Նաջարյանի ներկայացուցիչ. Ոստիկանության պաշտոնական պարզաբանումը չի համապատասխանում իրականությանը

Մարալ Նաջարյանի ներկայացուցիչ. Ոստիկանության պաշտոնական պարզաբանումը չի համապատասխանում իրականությանը

ՀՀ ոստիկանության պաշտոնական պարզաբանումը, թե ո՛չ Մարալ Նաջարյանը, ո՛չ նրա ներկայացուցիչը չեն դիմել նոր անձնագիր ստանալու համար, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարալ Նաջարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:

«Ես ունեմ իմ դիմումի կրկնօրինակները, կարող են հաստատել, որ պնդումները, թե մենք չենք դիմել, միանշանակ չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց նա:

Ինչպես ասվում է վարչության պետի պատասխանում, Կոչուբաեւի դիմումը ստացել է մարտի 29-ին էլեկտրոնային տարբերակով: Վարչության պետը հայտնում է, որ համաձայն գործող օրենսդրության՝ անձնագիր ստանալու համար 16 տարեկանը լրացած անձը անձամբ պետք է դիմի: Մարալ Նաջարյանը կարող է դիմել ցանկացած աշխատանքային օր՝ համապատասխան գործող օրենսդրությանը, ասվում է վարչության պետի պատասխանում:

Կոչուբաեւը ենթադրում է, որ բարձրացված աղմուկից հետո  վարչության պետը զեկուցել է տնօրինությանը, որ դիմում չի եղել: «Նա սխալ տեղեկություն է փոխանցել, ինչի հետեւանքով ոստիկանությունը ոչ ճշգրիտ տվյալներ է տարածել: Մեր դիմումը կա, պատասխանը եւս: Ոստիկանության մամուլի ծառայությունը չի կարող ամբողջական տվյալներ ներկայացնել, այն հիմնվում է տվյալների վրա, որոնք նրան փոխանցում են»,-նկատեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Լիբանանի եւ Հայաստանի քաղաքացի Մարալ Նաջարյանը գերեվարվել էր զինադադարի հաստատման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Դա չէր խանգարել Ադրբեջանի իշխանություններին մի քանի ամիս գերության մեջ պահել անմեղ կնոջը: Մարալն ազատ էր արձակվել ՌԴ Դաշնային ժողովի դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անձնական միջամտությունից հետո:

Ազատ արձակելով կնոջը՝ Ադրբեջանի իշխանությունը չէր վերադարձրել նրա ՀՀ անձնագիրը: Չնայած նրան, որ Մարալը վերականգնողական կուրս է անցնում, փորձում է ՀՀ նոր անձնագիր ստանալ, սակայն ոստիկանությունը չի ցանկանում ընդառաջել այդ հայրենասիրական ցանկությանը: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250