Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման հաջորդ պահից սկսած երբեք չեմ օգտագործել պարտություն տերմինը. Աղազարյան

Մենք շատերս ասում ենք արցախան առաջին, երկրորդ, երրորդ պատերազմ, ես կներեք, այդ տերմինալոգիայի հետ համաձայն չեմ, որովհետև պատերազմը նունիսկ այսօր ավարտված չէ, ավարտված չէր նաև 94 թվականին, որովհետև ընդամենը զինադադար է կնքվել։ Մենք ունեցել ենք գոյամարտ՝ համեմատաբար խաղաղ ժամանակահատվածներով։ Այս մասին այսօր՝ ԱԺ-ում ասաց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:  

 

«Ճակատամարտերի փառապանծ հաղթանակների արդյունքում մենք ունեցանք հաղթանակների գեներալներ, հերոսներ, տերեր և նրանց կենսագործունեության արդուքնում 4 միլիոնանոց Հայաստանը դարձավ 2,5 միլիոն։ Տնտեսությունը գահավիժեց չգիտեմ մինչև որտեղ։ Տեղի ունեցավ ազգաբնակչության խիստ պակաս և տնտեսության մեջ անկում և տեղի ունեցավ պատերազմի երկրորդ և երրորդ հատվածները, որտեղ արձանագրեցինք ցավալի արդունքներ»։

Աղազարյանը՝ խոսելով ցավալի արդունքների մասին, նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման հաջորդ պահից սկսած երբեք չի օգտագործել պարտություն տերմինը։

«Ես ասել եմ, որ մենք չենք հաղթել, պարտությունն էլ չեմ ընդունել, որովհետև եթե դու պարտվում ես, ապա հակառակորդը հաղթած է։ Ես չեմ համարում, որ մեր հակառակորդը մեզ հաղթել է։ Այն կիսավայրենի պահվածքը, որ այսօր իրենք շարունակում են ցուցաբերել, լրիվ այլ բանի մասին է ասում»։

Աղազարյանն ասում է, թե 50 տարվա ընթացքում լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու աշխարհագրական այս հատվածում և պետք է պատրաստ լինենք դրանց, բայց փակագծերը չբացեց։ Նա նշեց միայն, որ լուրջ բարեփոխումներ պետք է անել բանակում։ Ազգ-բանակ սկզբունքն է առաջարկում, որի հիմնական տարերրից է այն, որ երիտասարդը ծառայութան է մեկնում 18 տարեկանում՝ ցանկալի է մեկ տարով, ծառայելուց հետո մեկ երկու տարի ազատ է լինում և մինչև 55 տարեկան տարեկան մեկ անգամ գնում է այն զորամասը, որտեղ ինքը կցված է։

Պատգամավորը նաև առաջարկում է Հայաստանում անցնել երկպալատ խորհրդարանական համակարգի:

«Իմ խորին համոզմամբ՝ մենք պետք է անցնենք երկպալատ խորհրդարանական համակարգի: Մենք ունենում ենք Վերին պալատ, բացի այս մեր պալատից, ենթադրենք՝ 100 հոգուց բաղկացած, որտեղ 50 հոգին ընտրվում են Արցախից և հայրենիքի մեր այս հատվածից, իսկ մնացած 50 հոգին ընտրվում են ամբողջ աշխարհից: Հավաքվում են տարեկան մեկ անգամ և ինչ-որ գործառույթներ են իրականացնում, որոնց մասին կարելի է մանրամասնել»,- ասաց Աղազարյանը:

Պատգամավորն առաջարկեց այս ճանապարհի մեկնարկին ավելացնել Հանրային խորհրդի լիազորությունները: