BBC-ի գլխավոր տնօրենն ու լրատվական բաժնի ղեկավարը հրաժարական են տվել
Բրիտանական հեռարձակման կորպորացիայի (BBC) գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և BBC News-ի լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թըրնեսը հրաժարական են տվել Դոնալդ Թրամփի՝ BBC Panorama-ի խմբագրված ելույթի շուրջ առաջացած վեճերի ֆոնին, հաղորդել է BBC-ն։
«BBC-ն կատարյալ չէ, և մենք միշտ պետք է լինենք բաց, թափանցիկ և հաշվետու։ Չնայած դա միակ պատճառը չէ, BBC News-ի շուրջ առկա վեճը, հասկանալիորեն, ազդել է իմ որոշման վրա։ Ընդհանուր առմամբ, BBC-ն լավ կազմակերպություն է, բայց թույլ են տրվել որոշ սխալներ, և որպես գլխավոր տնօրեն՝ ես պետք է ստանձնեմ վերջնական պատասխանատվությունը», - գրել է Դեյվին իր նամակում։
Նա նշել է, որ ներկայում աշխատում է խորհրդի հետ՝ իր հեռանալու ժամկետի շուրջ համաձայնության գալու համար՝ ապահովելու նոր ղեկավարի սահուն անցումը առաջիկա ամիսներին։
Իր հերթին Դեբորա Թըրնեսը նշել է, որ «Թրամփի մասին Panorama-ի հաղորդման շուրջ շարունակվող վեճը վնասում է BBC-ին՝ մի հաստատության, որը ես շատ եմ սիրում։ Չնայած սխալներ են թույլ տրվել, BBC News-ի կողմնակալության մասին մեղադրանքները կեղծ են։ Պատասխանատվությունը կրում եմ ես», - գրել է նա՝ հավելելով, որ շաբաթ օրը հրաժարականի դիմում է ներկայացրել Թիմ Դեյվիին։
Դոնալդ Թրամփը իր TruthSocial հարթակում արձագանքել է՝ հայտարարելով․ «Բոլորը հրաժարական են տալիս կամ աշխատանքից ազատվում, քանի որ նրանց բռնել են հունվարի 6-ին իմ շատ լավ (ԿԱՏԱՐՅԱԼ) ելույթը աղավաղելիս։ Նրանք անազնիվ մարդիկ են, որոնք փորձել են միջամտել նախագահական ընտրություններին»։





























