
Վարերթ մահվան ելքով. Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի

Երեկ՝ մարտի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 46-ամյա Ք. Վիրաբյանը իր վարած Mercedes E 200 մակնիշի 001 CG 01 համարանիշի ավտոմեքենայով Շիրազի փողոցի թիվ 48 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 72-ամյա Ս. Հովհաննիսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, այնուհետև օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է shamshyan. com-ը:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ։ Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությոունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ, իսկ ժամը 19։40-ի սահմաններում հիվանդանոցից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակացության չգալով, մահացել է։ Փաստի առթիվ Ա. Թևոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։