Վանդալիզմ՝ Նոր Նորքի սբ․ Աստվածածին եկեղեցում

Այսօր առավոտյան գողություն է տեղի ունեցել Նոր Նորքի սբ․ Աստվածածին եկեղեցում: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնել է Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը:

 

«Առավոտյան իմացանք, որ եկեղեցու բակում վանդալիզմի են ենթարկել 2015 թվականին օծված լրագրողի արձանը: Կոտրել են ժամը 05:00-ի սահմաններում, նախ վնասել են եկեղեցու՝ արձանին ուղղված տեսախցիկը, ապա՝ կոտրել են արձանի ոտքերն ու տարել»,- ասել է Տեր Աշոտը:

 

Քահանան կարծում է, որ վանդալիզը կատարվել է մետաղի համար. «Կա՛մ բրոնզ է եղել, կա՛մ պղինձ, հիմա ուզում ենք հասկանալ, թե կոնկրետ ինչ նյութ է եղել: Արձանը տեղադրված է եղել լրագրողի աշխատանքը և առաքելությունը արժևորելու համար՝ հենց եկեղեցու բակում, և այսօր ականատես ենք լինում նման վանդալիզմի: Օգտվելով դռնապահի՝ 2-ժամյա բացակայությունից, մոտեցել և վնասել են արձանը»:

Տեր Աշոտը նշեց, որ եկեղեցուց ոչինչ չեն տարել, քանի որ դուռը փակ է եղել:

«Ոստիկանությունում հաղորդում ենք ներկայացրել, մի քանի ժամից պետք է գնամ հարցաքննության: Սա հանրային կերպով պետք է դատապարտվի»,- ընդգծել է քահանան: