Երթը ավարտվեց. ինչ է լինելու վաղը

Այսօր մենք կատարեցինք արժանապատվության և անհնազանդության երթ՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ այս չարիքի կառավարության հեռացման շատ հստակ և ուղիղ պահանջարկ կա։ Այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, տեղեկացնում է Փաստինֆոն։

«ԱԺ-ում մի պատգամավոր կա, հայտնի ծերունի ավազակ, փորձեց մեզ և հայ ժողովրդին սպառնալ՝ ասելով, թե եթե ժողովուրդը փորձի շենքեր նվաճել, պետությունը կկրակի։ Եթե կրակող էիք, այդ փամփուշտները պետք է ուղղեիք դեպի թշնամուն, ոչ թե սեփական ժողովրդին։ Դուք չեք կարող այս ժողովրդին սպառնալ, ձեր վզին արդեն 10 հազար մարդու արյուն կա։ Պետք է հասկանաք՝ դրա տակից ինչպես եք դուրս գալու։ Մենք ամուր ենք, մեր առջև որևէ փակ հրապարակ չկա և չի կարող լինել։ Հերթով հրապարակ առ հրապարակ, փողոց առ փողոց ամբողջ մայրաքաղաքը և ամբողջ Հայաստանը վերցնելու ենք, պարալիզացնելու ենք ու միասին քշելու ենք այս չարիքի կառավարությանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Վերջինս նշեց՝ տեղեկություն կա, որ վարչապետը վաղը ժամը 11։30 գնալու է կառավարության 3-րդ մասնաշենք․ «Կոչ եմ անում ներկա գտնվել, մեր բողոքն ու զայրույթը հայտնել։ Այդ անձը մեր երկրում և քաղաքում տեղաշարժվելու իրավունք չունի։ Վաղը 11։30 եկեք կառավարության երրորդ մասնաշենքի երկու մուտքերի մոտ՝ թույլ չտալու այդ խելագարի ազատ շարժը մեր մայրաքաղաքում։ Երեկոյան ժամը 18։30 հավաքվում ենք Հանրապետություն մետրոյի կայարանում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ, հստակ հասցեներով երթեր են տեղի ունենալու դեպի դատախազություն, այնուհետև ոստիկանություն։ Գնալու ենք հստակ կոչերով և պահանջով»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Քաղաքականություն