Վարչապետը կարևորել է քաղաքական կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ աշխատանքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննարկվել են նիստի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը զեկուցել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2020թթ. միջոցառումների ծրագրով՝ 2020թ. կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքի, մշտադիտարկման և գնահատման արդյունքների վերաբերյալ: Դրանց համաձայն՝ 2020թ. նախատեսված միջոցառումների գրեթե կեսն ամբողջությամբ իրականացվել է, 13 միջոցառում կատարվել է ավելի մեծ ծավալով, քան նախատեսված է եղել, չկատարված միջոցառում չկա, որոշներն իրականացվել են մասնակիորեն: Վերջին հանգամանքը, նախարարի խոսքով, պայմանավորված է եղել համավարակի ու պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով և այդ պայմաններում պետական կառավարման համակարգի գործունեության առաջնահերթություններով:
Վարչապետը կարևորել է հակակոռուպցիոն միջոցառումների հասցեականությունը և հետաքրքրվել դրանց գործնական արդյունավետությամբ: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, կարևորել է քաղաքական կոռուպցիայի դրսևորումների կանխարգելման ուղղությամբ հետևողական աշխատանքը: Այս համատեքստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշել է, որ Հանձնաժողովը շարունակական ուսումնասիրություններ է իրականացնում պետական պաշտոն զբաղեցնող և միաժամանակ բիզնես գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ, և որոշ պաշտոնյաների մասով ստուգումների արդյունքները, եզրակացություններն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Կան հարուցված քրեական գործեր, որոնք գտնվում են նախաքննության փուլում:
Անդրադառնալով Հանձնաժողովի գործունեության ընթացիկ հաշվետվությանը՝ Հ. Հարությունյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է պետական պաշտոններում նշանակման ենթակա 47 անձի, այդ թվում՝ դատախազի թեկնածուների, դատավորների հավակնորդի թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների բարեվարքության ստուգում, որից 26-ը՝ դրական, 16-ը՝ դրական վերապահումով, 4-ը՝ բացասական, 1-ի առնչությամբ եզրակացություն չի ներկայացվել: Շարունակվել է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործման աշխատանքը. 2019թ. համեմատ 3 անգամ աճել է հայտարարատու անձանց թիվը, իրականացվել է գրեթե 640 հայտարարագրի վերլուծություն, որից 210-ը՝ ԲԴԽ անդամների, ՍԴ անդամ/դատավորների, նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը: Վերլուծության արդյունքներով Հանձնաժողովը հարուցել է 4 վարույթ՝ վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ և համապատասխան եզրակացություն ներկայացրել: Հայտարարվել է նոր էլեկտրոնային համակարգի համար մրցույթ, որը ծառայելու է որպես թվային գործիք կոռուպցիայի դեմ պայքարում: Միջազգային փորձագետների աջակցությամբ մշակվել է պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերի համապարփակ գնահատման մեթոդաբանություն: Գնահատման համար որպես առավել ռիսկային են ընտրվել հետևյալ ոլորտները՝ պաշտոնի նշանակում, առաջխաղացում, կատարողականի գնահատում, պետական բյուջեի կառավարում և պետական գնումներ: Գործընթացն առաջիկայում կմեկնարկի:
Օրակարգի հարցերի շրջանակում Արդարադատության նախարարը ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանների ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթների և դրանց գործունեության ապահովման նպատակով իրականացվող քայլերը: Այս կառույցներն զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ: Ռ. Բադասյանը նշել է, որ այս օրենսդրական փաթեթներն Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել են, սպասվում է երկրորդ ընթերցումը: Զուգահեռ այժմ քննարկվում են այս մարմինների տեղակայման, շենքային պայմանների ապահովման, կադրային համալրման, ներքին բարեվարքության ապահովման, գործունեության շրջանակի վերջնական հստակեցման, շահագրգիռ այլ մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունավետ կազմակերպման, տեխնիկական հագեցվածության հարցերը:
Հակակոռուպցիոն դատարանների օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ մասնագիտացված և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների 5 դատավորները քննելու են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերը։ Վարչապետը հետաքրքրվել է, թե զուգահեռ ինչ աշխատանք է տարվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղությամբ: Նշվել է, որ այս առումով 4 գործ գտնվում է ավարտական փուլում, ԲԴԽ-ի կողմից սկսվել է դատավորների մասնագիտացման գործընթացը, ովքեր էլ պետք է զբաղվեն այդ գործերի քննությամբ: Այս համատեքստում նիստում կարծիք է հնչել, որ Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման գործընթացի արագացումը կբարձրացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների արդյունավետությունը: Արծարծվել է նաև դատավորների վարձատրության հարցը:
Վարչապետը նշել է, որ Հակակոռուպցիոն դատարանների դատավորների համարժեք վարձատրությունը լոկոմոտիվի դեր կունենա և կնպաստի որակյալ աշխատանքին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև հակակոռուպցիոն մարմինների անձնակազմի ներքին բարեվարքության ստուգման մեխանիզմների պատադիր ներդրումը՝ դա համարելով նոր չափանիշներով ստեղծվող համակարգի գործունեության առաջնահերթություն:
Հակակոռուպցիոն խորհրդի նիստում ներկայացվել է նաև իրական շահառուների համատարած բացահայտմանն ուղղված օրենսդրական փաթեթը: Ռ. Բադասյանը նշել է, որ նախատեսվում է գործող 2՝ իրական շահառուների և սեփականատերերի ինստիտուտների միասնականացմամբ ներդնել իրական սեփականատերերի բացահայտման գործուն մեխանիզմ: Այն տարածվելու է բոլոր իրավաբանական անձանց վրա և միտված է իրական սեփականատերերի բացահայտելիության բարձրացմանը՝ էլեկտրոնային համակարգի ներդրման և տեղեկատվական համապարփակ բազայի ստեղծման միջոցով: Տեղեկատվությունը լինելու է հրապարակային: Ակնկալվում է, որ հակակոռուպցիոն համակարգի մարմինների լիակատար ձևավորմանը զուգահեռ գործընթացի արդյունավետությունը կբարձրանա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հողատու թուրք. քաղաքացիները Փաշինյանին տեսնելուն պես դավաճան անվանեցին նրան
Բազմաթիվ ոստիկաններ շրջապատել են կառավարության տարբեր մասնաշենքերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով՝ թիկնապահների ուղեկցո...
Առաջիկայում այս սրիկաների կառավարությունը նոր փաստաթղթեր է ստորագրելու թշնամի երկրի հետ. Սաղաթելյան
«Քանի այս իշխանությունը կա, մենք ամեն առավոտ նոր իրողության առջև ենք կանգնելու: Հիմա էլ ասում եմ, առաջիկայում այս...
Սերժ Սարգսյանը չի հիշում, որ մերժել է Արցախի և Հայաստանի միջև ռազմական փոխօգնության պայմանագիր կնքել. Բաբաջանյան
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրառում է արել.«ՍՍ-ն մոռացել է՝ ինչպես է անձամբ թույլ տվել, որ 2008 թ․ Հայաստան-Թո...
Բոլորը ենթակա են վերադարձի. Նազելի Բաղդասարյանը՝ գերիների հարազատների հետ հանդիպման մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել...