Մի թիվ ասեմ, զգույշ աթոռին նստեք. Սերժ Սարգսյանը թիվ հրապարակեց անօդաչուների մասին
Ապրիլյանից հետո մենք տևական ժամանակ զբաղված էինք հետաքննություն անցկացնելով, պատերազմի դասերն ուսումնասիրելով, որովհետև ցանկացած բարեփոխում բանակում, ցանկացած նոր սպառազինության ձեռքբերում պետք է պայմանավորված լինի ռազմական գործողությոնների արդյունքով, քո հակառակորդի կողմից կիրառված զինամթերքով:
Մենք այն ժամանակ հաստատեցինք երկու փաստաթուղթ 18-24 թվերի համար՝ զինված ուժերի զարգացման պլան՝ բաղկացած 169 կետից, թե ինչ պետք է անենք, ինչպիսի փոփոխություններ պետք է մտցնենք ու ինչպիսի տեսակի մասին է խոսքը, որ զինատեսակները պետք է զարգացնենք, ինչ ստանայինք:
Այդ փաստաթղթի հիման վրա կազմվեց սպառազինության ու ռազմատեխնիկայի ձեռք բերման պլան: Դրա համար նախատեսված էր 1,3 միլիարդ դոլար: Այդ միջոցների աղբյուրները կային: Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սարգսյանի խոսքերով, 1,3 միլիարդ դոլարից 500 միլիոնից ավելին նախատեսված էր ավիացիայի, հակաօդային պաշտպանության ու ԱԹՍ-ների կատարելագործման ու ձեռք բերման համար․ «Մի թիվ ասեմ, զգույշ աթոռին նստեք: Նախատեսված էր մինչև 24 թիվը ձեռք բերել 2,5 հազար ԱԹՍ: Այն պետք է ձեռք բերվեր և ներսից, և դրսից:
Այդ գործարքները չարվեցին: 18-20 թվականների համար պետք է ձեռք բերվեր 1000-ից ավելի ԱԹՍ: Դրանք և՛ հարվածային էին և՛ հետախուզական և կախված արժեքներից 150 կմ շառավղով գործելու ունակ էին:
Բայց, ցավոք, չգիտես ինչից ելնելով, փոխվեց սպառազինության պլանը: Ես տեղյակ չեմ, թե ինչ փոփոխություններ են մտցրել, սակայն փոխվել է, որովհետև ՏՕՐ-երը ստացվել է մեկ խմբաքանակ, այն էլ մեր ստորագրածով, այնինչ պետք է ստանային 3 խմբաքանակ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՍՈՒ-երին, Սարգսյանն ասաց, որ սպառազինություն գնելն էլ է արվեստ, դրանով չպետք է փիառ անես. «Քանի անգամ թռան այդ ՍՈւ-երը: Մի անգամ թռան Տավուշի սահմանային միջադեպի ժամանակ: Այն էլ այնպիսի ապաշնորհ ձևով, որ ստիպած եմ եղել իմ գործընկերներին խնդրել, որ զանգի ՊՆ ու ասի այդպիսի հիմարություն չանեն, քանի որ առանց սպառազինություն է թռել:
Հետո զինվորականներն էլ ասացին, որ սպառազինություն չկա: Գնելուց չէն հասկանո՞ւմ, որ խնդիրներ կլինեն այդ ինքնաթիռների զինամթերքի հետ»: