Իրավապահ մարմինները հակասում են իրար. պատերազմին առնչվող քրգործերի վերաբերյալ տվյալները գաղտնի են պահվում. News.am
NEWS.am-ը գրում է.
«Արցախում պատերազմական գործողությունների ավարտից երեք ամիս անց ՀՀ իրավապահ մարմինները հրաժարվում են տեղեկություններ տրամադրել պատերազմի ընթացքում արձանագրված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված կոնկրետ հանցագործությունների փաստով հարուցած քրեական գործերի վերաբերյալ։
Վերջին երեք ամսում NEWS.am–ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ ոստիկանությանը՝ պարզելու, թե քանի՞ քրեական գործ է հարուցվել պատերազմի ընթացքում պետական դավաճանության, դասալքության, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու դեպքերի հատկանիշներով: Փորձել էինք պարզել, թե նշված արարքների ենթադրյալ կատարման համար քանի՞ անձ է ներգրավվել, որպես կասկածյալ կամ մեղադրյալ և այլն։
Դատախազությունից նախ նշել էին, որ իրենք նման վիճակագրություն չեն վարում, ապա տեղեկացրել, որ նշված հանցագործությունների դեպքերով վիճակագրական տվյալները ներկա փուլում տրամադրման ենթակա չեն՝ պայմանավորված հանրապետությունում հաստատված ռազմական դրությամբ և պետական և ծառայողական գաղտնիքով։ Այնուհանդերձ, դատախազությունը, «հաղթահարելով» Հանրապետությունում գործող ռազմական դրության իրավական ռեժիմը և բացահայտելով պետական և ծառայողական «գաղտնիք» համարվող տեղեկությունները, 2020թ. դեկտեմբերի 21–ին հաղորդագրություն էր տարածել «Արցախյան վերջին պատերազմի արդյունքներին հանգեցրած»՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքների փաստերով հարուցված քրեական գործերի վերաբերյալ։ Մասնավորապես՝ ըստ դատախազության՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման, մասնավորապես՝ հրաման չկատարելու, դասալքության, անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոննները խախտելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է ընդհանուր 882 քրեական գործ: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել տասնյակ անձանց:
NEWS.am–ի տեղեկություններով՝ հիշյալ քրեական գործերը մեծամասամբ հարուցվել են զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքների հիման վրա, իսկ հրաման չկատարելու և դասալքության դեպքերի վերաբերյալ տվյալները հիմնականում ստացվել են պատերազմի մասնակից սպաների կողմից ներկայացված զեկուցագրերի հիման վրա։ Դատախազության հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ քրեական գործեր չկան հարուցված պետական դավաճանության, մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու փաստերով, մինչդեռ պատերազմի մեկնարկից մինչեւ օրս իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներից մինչև հասարակ քաղաքացիներ պնդում են, թե մեր պարտության պատճառը դավաճաններ էին և մարտադաշտից փախչելու մասսայական դեպքերը։ Քրեական գործեր չեն հարուցվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 379–րդ հոդվածի՝ մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու հատկանիշներով, մինչդեռ պետք է քննություն տարվեր և պարզվեր, թե ինչպե՞ս է թշնամին մեծաքանակ չխոցված զրահատեխնիկա առգրավել հայկական կողմից և ցուցադրել դրանք դեկտեմբերի 10-ին Բաքվում կազմակերպված ռազմական շքերթի ժամանակ։ Մինչեւ այս պահը հայտնի չէ նաև, թե պատերազմի ընթացքում կատարված արարքների ենթադրյալ կատարման համար քանի անձ է կասկածվում կամ մեղադրվում, նրանցից քանիսն են պարտադիր ժամկետային, քանիսը՝ պայմանագրային զինծառայողներ, քանիսը՝ սպաներ, քանիսը՝ պահեստազորայիններ»։