Ռուսաստանը սեպտեմբերի 29-ին առաջարկեց կանգնեցնել պատերազմը եւ մերժվեց. Գագիկ Ծառուկյան

Պատերազմը կարող էր չլինել, հուլիսի 5-ին եմ ասել՝ ունենք 3-4 ամիս ժամանակ, հենց իմ ձերբակալման օրը, ԱԱԾ-ի շենքի մոտ եմ ասել, որ Ղարաբաղը կորցնելու ենք, այդ ամենը հասկանալի էր, հուլիսյան դեպքերը, երբ նրանց կողմից գեներալ զոհվեց, թուրքերը եկան, զորավարժություններ սկսեցին անել, մենք պետք է պատրաստվեինք, Ռուսաստանի հետ բանակցեինք, բարեկամական կապերը վերականգնեինք, հիմա 21-րդ դարն է, եւ պատերազմը ավտոմատով կռիվը չի, մեր զինվորների 99 տոկոսը անօդաչուներից է զոհվել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ հարցազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Օդը փակելու համար երկու ՏՈՌ համակարգ էր պետք, երկու դիվիզիոն։ Մի դիվիզիոնը 30 միլիոն էր, 60 մլիոնով ամբողջ անվտանգությունը կարելի էր ապահովել, մեր դիրքերն այնպիսին էին, որ հակառակաորդը առաջ չէր կարող գալ։ Ամենակարեւր հարցը անկազմակերպվածությունն էր։ Ջոկատները գնացել են, ուղեկցող չի եղել, թե ուր պետք է գնան, որ կողմից են հարձակվելու։ Օնիկ Գասպարյանին հանդիպել եմ, ասել է՝ ձեր հավաքած 2 հազար հոգուն այնպիսի տեղ չկա, որ ուղարկեմ, ջոկատ-ջոկատ եմ ուղարկել, անցել են պատրաստություն եւ ուղարկել ենք՝ 30, 50, 60 հոգանոց ջոկատներ։ Սեպտեմբերի 29-ին Վոլոդինը Պետդումայում նիստ է կազմակերպել, մեզ թղթեր է եկել, որ 3 ժամում կարող են լինել Հայաստանում, ինձ էլ են տեղյակ պահել, որ կարող ենք անմիջապես խաղաղապահներին բերել, անցնել խաղաղ բանակցությունների։ Եվ մերժվել են։ Եթե կարող էինք առանց այդքան կորուստների, այդ խայտառակ կապիտուլյացիայի․․․  Եթե մերժում ես՝ դու պետք է քո վրա այնքան վստահ լինես, որ դու ես հաղթելու․․․ Փաստացի զանգն էլ, փաստաթուղթն էլ կա։ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցը մեր խնդիրն է։ Այստեղ հակառուսական տրամադրություններ բորբոքողը այս ազգի թշնամին է։ Իրանը 30 տարի բարեկամ, հարազատ երկիր է եղել, բայց հիմա ասում են՝ ողջունում ենք․․․ Ասում եմ՝ այդպիսի ոլորտ չկա, որ չձախողեն։ Բայց անցնում են ընտանիքի անդամների հանդեպ հայհոյանքների, դա անբարոյականություն է, փոքրոգություն։ Ինձ դեռ հարցաքննության չտարած՝ որդուս են ծանուցագիր ուղարկում, դա անբարոյականություն է», ասել է Գագիկ Ծառուկյանը։

Դրա ժամանակը չէ, ասել է Ծառուկյանը՝ պատասխանելով վարչապետի պաշտոնի հավակնության վերաբերյալ հարցին։

«Մինչեւ արտահերթ ընտրություն չլինի․․․ Կախված է ընտրությունից, ժողովրդից, իրավիճակից, բայց այսօր ես այդպիսի ցանկություն չունեմ։ Եթե անհրաժեշտություն լինի՝ կարող ենք մտածել։ Որ ասեմ՝ իմ կյանքի նպատակն է, չէ», նշել է Գագիկ Ծառուկյանը։