Աբսուրդի ժանրից է. մեր օրակարգում՝ 4440 կմ² տարածք վերադարձնելու հարցն է. Վահրամ Պողոսյանը՝ Կարմիր Շուկայով դեպի Շուշի տանող ճանապարհը Ադրբեջանին հանձնելու լուրերի մասին

Նման տեղեկատվությունը, ես միանշանակ կարող եմ պնդել, որ աբսուրդի ժանրից է: Այս մասին Auroranews.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը՝ մեկնաբանելով  Կարմիր Շուկայով դեպի Շուշի տանող ճանապարհը Ադրբեջանին հանձնելու մասին լուրերը: 

 

Ավելի վաղ թելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություն էր տարածել այն մասին, որ  Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը համաձայնել են Ադրբեջանին հանձնել Կարմիր Շուկայով դեպի Շուշի տանող ճանապարհը: 
 

«Նկատենք, որ Ադրբեջանը ծրագրում է նոր, առանձին ճանապարհ կառուցել դեպի Շուշի: Այս որոշման արդյունքում վտանգի տակ է հայտնվելու դեպի Ամարաս տանող ստրատեգիական ճանապարհը,,- նշվում է հրապարակման մեջ:  Այս թեմայի հետ կապված սպասվող աղմուկը զսպելու համար, ադրբեջանական կողմը համաձայնել է վերադարձնել մի քանի գերիների»,- նշվում էր հաղորդագրությունում:

 

«Նման տեղեկատվությունը ես միանշանակ կարող եմ պնդել, որ աբսուրդի ժանրից է, և այսօր Արցախի իշխանությունները տարածքային զիջումների մասին որևէ հարց չեն կարող քննարկել, այդպիսի օրակարգ չի կարող լինել, և, հակառակը, այսօր մենք խոսում ենք, մեր քննարկման օրակարգում է 4440 կմ² տարածք վերադարձնելու հարցը, և որևէ զիջում, որևէ հարց տարածքային զիջումների մասին չի կարող լինել»,- ասաց Վահրամ Պողոսյանը: 
 

Մեզ հետ զրույցում նա հստակեցրեց, որ խոսքը ԼՂԻՄ տարածքի մասին է, որն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:

 

Մեր այն հարցին, թե իրապես Արցախի ԱԳՆ-ն կարող է լուծարվել, և արդյոք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է ինքը զբաղվել արտաքինքաղաքական հարցերով, ինչի մասին նույնպես տեղեկություններ էին տարածվել համացանցում, Վահրամ Պողոսյանը նշեց, որ «այդ տեղեկատվությունը իրականության հետ աղերս չունի, նման հարց չկա և չի քննարկվել»: 

Ինչ վերաբերում է գերիների վերադարձին, Պողոսյանը նշեց, որ դա գործընթաց է, որն ամեն օր իրականացվում է:

 

«Ցանկացած անզգույշ հայտարարություն կարող է խանգարել գործընթացին, դրա համար ես ձեռնպահ կմնամ այդ հարցի վերաբերյալ որևէ պատասխան տալ: Կարող եմ միանշանակ ասել, որ գործընթացը շարունակվում է, և ամեն օր մենք պետք է սպասենք, որ, այո, կարող ենք այս ուղղությամբ իսկապես լավ լուրեր ունենալ»,- ասաց նա:

 

Պատահարներ