Որ գործարարներն են կաշառք տվել բարձրաստիճան պաշտոնյային ադամանդի ներկրման գործով. Armdaily.am-

Ազգային անվտանգության ծառայությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալության մասին։ Ըստ այդմ՝ ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերության անվամբ ԱՄԷ-ից «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ՀՀ է ներմուծվել և հայտարարագրվել է 148.535 ԱՄՆ դոլար հաշիվ ապրանքագրային արժեքով 1776.84 մետր կարատ քաշով մշակված ադամանդ, որի մաքսային արժեքը կազմել է 72.014.112 ՀՀ դրամ, այնինչ պարզվել է, որ ընկերության կողմից վերոգրյալ հայտարարագրով ՀՀ ներմուծված և փորձագետի կողմից 18.09.2020 թվականի դրությամբ հետազոտված ադամանդների շուկայական արժեքն ավելին է, քան 420.000.000 ՀՀ դրամը, որի արդյունքում պետությանը պակաս է հաշվարկվել և վճարվել առանձնապես խոշոր չափերի հասնող մաքսային վճարներ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Ա.Ն.-ն տնտեսվարող կազմակերպության կողմից ներկրած ադամանդյա քարերի իրական արժեքը թաքցնելու, մաքսազերծման ժամանակ քիչ մաքսատուրք վճարելու, պետական վերահսկողական ակտի տրամադրման նպատակով համապատասխան ստուգում չիրականացնելու և այդ պայմաններում հիշյալ ակտը տրամադրելու դիմաց 2020 թվականի սեպտեմբերի 6-ին անձամբ ընկերության սեփականատերերից ստացել է խոշոր չափերի կաշառք, որից հետո շահադիտական դրդումներով հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի իրավախորհրդատու Վ.Ս.-ին կազմել և ընկերության ներկայացուցիչներին հանձնել իրավունք վերապահող` ադամանդյա քարերի ներկրման հայտարարագրի համապատասխանության վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող բովանդակությամբ կեղծ պետական վերահսկողության ակտ, ինչը վերջինիս կողմից կատարվել է: 2021 թվականի հունվարի 26-ին խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Ա.-Ն.-ն և ձերբակալվել: ՀՀ էկոնոմիկայի նախարարի իրավախորհրդատուն տվել է խոստովանական ցուցմունքներ: Այս գործով բերման են ենթարկվել նաև ՀՀ-ում գործունեություն իրականացնող տնտեսվարող ընկերության փաստացի սեփականատերերը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործության մեջ կասկածվող կամ դրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձինք:

 

Armdaily.am- ը ներկայացնում է, թե ովքեր են գործով անցնող պաշտոնյաները

էկոնոմիկայի նախարարությունում զարմացած են այսօր տարածված հաղորդագրությունից։ Հաղորդագրության մեջ նշված պաշտոնյաները երբեք նման կասկածների տեղիք չեն տվել, նրանք բավականին փորձառու են եւ տարիների աշխատանքային փորձ ունեն։ Ձերբակալված պաշտոնյան Լիցենզիայի վարչության պետ (նախկինում այս կառույցը գործակալություն էր) Արմեն Նալբանդյանն է։ Իսկ նրան կաշառք տալու մեջ մեղադրվող գործարարները գործարարներ Արմեն և Արտակ Բաղիկյաններն են, որոնք զբաղվում են ադամանդագործությամբ:
Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Խեչոյանն մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարության աշխատակիցների ազատման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստացել։ «Այս պահին պրոցեսը դեռ ավարտված չէ, հետևաբար, կարծում եմ՝ կոռեկտ չէ այդ մասին որևէ մեկնաբանություն տալ»։

«Էյ Դի Էմ Դայմոնդս»-ը՝ բացման օրից՝ ուշադրության կենտրոնում

Մամուլում առկա տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվող գործարարները Արմեն և Արտակ Բաղիկյաններն են, ովքեր 2019 -ի դեկտեմբերի 2-ին Աբովյան քաղաքում բացեցին «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանը։ Բացումից կարճ ժամանակ անց հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Ընկերության պաշտոնական բացման արարողությանը մասնակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միայն թե ընկերության բացումից հետո հայտնի դարձավ, որ ADM Diamonds ընկերությունը Հայաստանում արտադրություն է սկսել դեռևս 2017թ-ից։ Ընկերությունը 2018թ-ի վերջին ունեցել է 90 աշխատող, 2020թ-ի դեկտեմբերի դրությամբ՝ 218 գրանցված աշխատող։ Իսկ 2019-ին միայն շենքային պայմաններն էին բարելավվել, որը հնարավորություն է ընձեռելու ավելի մեծ թվով աշխատակիցներ ունենալու։ Մինչդեռ վարչապետն այն ժամանակ իր էջում նշել էր, որ բացվել է ադամանդի վերամշակման նոր գործարան՝ ևս 700 աշխատատեղով։ Այս տարվա հունվարի 16-ին էլ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել էր Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ ADM Diamonds ադամանդագործական ընկերությունում՝ շարունակելու այդ ոլորտներում կուտակված խնդիրների համատեղ քննարկումը։ Համացանցային որոնումներից պարզ դարձավ, որ գործարար, ADM Diamonds ELLC ընկերության ղեկավար Արմեն Բաղիկյանը 2018 թ-ի նոյեմբերին մասնակցել է «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքին։
ArmDaily.am-ի հեռախոսազանգին ընկերությունից պատասխանեց գործավարուհին, ով նշեց, որ ընկերությունն այս պահին շարունակում է գործել։ Նա նաեւ ասաց, որ ընկերության ղեկավարները տեղում չեն և դժվար է ասել, թե երբ կլինեն։ Հարցին՝ ԱԱԾ-ո՞մ են, և արդյոք ԱԱԾ աշխատակիցներ այցելել են ընկերություն՝ նա նշեց, որ չի կարող պատասխանել այդ հարցին։