ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Լիմոնադի 3 արտադրամասում խախտումներ են հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ն կասեցրել է արտադրությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է երեք գազավորված և զովացուցիչ ըմպելիքների արտադրամասերի գործունեությունը՝ արտադրական գործընթացում հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով։

Կասեցվել է Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրում գործող «Նավուր Լիմոնադ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գործող «Բուրջուա» ապրանքանիշի արտադրամասի գործունեությունը, ինչպես նաև Քուչակ գյուղում գործող «Քուչակի Լուսաղբյուր» լիմոնադի արտադրությունը։
«Նավուր Լիմոնադ»
ՍԱՏՄ-ի տեսուչների վերահսկողության ընթացքում «Նավուր Լիմոնադ» արտադրամասում հայտնաբերվել է, որ արտադրական տարածքի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։
ՍԱՏՄ-ն այս խախտումը գնահատել է որպես սանիտարահիգիենիկ նորմերի խախտում և որոշել է կասեցնել արտադրամասի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։
«Բուրջուա»
Աշտարակում գործող «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասում արձանագրվել են ավելի լայնածավալ խախտումներ։
Մասնավորապես՝ արտադրամասում չեն բացառվել պարենային հումքի և պատրաստի սննդամթերքի, ինչպես նաև մաքուր և աղտոտված գույքի խաչաձևվող հոսքերը։
Չեն իրականացվել նաև տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ սպասարկումն ու ընթացիկ վերանորոգումը, ինչպես նաև արտադրական տարածքների պատշաճ մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների դեմ պայքարի աշխատանքները։
Խախտումներ են արձանագրվել նաև արտադրամասի հատակների, պատերի և դռների մակերևույթներում։ Դրանք չեն համապատասխանել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերի վերաբերյալ պահանջներին։
Արտադրամասի առաստաղները նույնպես չեն ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելը և խոնավության խտացումը կանխելու համար։
Բացի այդ, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն համապատասխանել հիգիենիկ պահանջներին և չեն պահվել պատշաճ վիճակում։
Արտադրամասը նաև անձնակազմի համար նախատեսված հանդերձարան չի ունեցել։
ՍԱՏՄ-ն տնտեսավարողին պարտավորեցրել է վերացնել արձանագրված խախտումները և դրա համար սահմանել համապատասխան ժամկետ։
«Քուչակի Լուսաղբյուր»
Քուչակ գյուղում գործող «Քուչակի Լուսաղբյուր» լիմոնադի արտադրամասում ևս արձանագրվել են մի շարք սանիտարահիգիենիկ խախտումներ։
Այստեղ ևս չեն բացառվել հումքի և պատրաստի արտադրանքի, ինչպես նաև մաքուր և աղտոտված գույքի խաչաձևվող հոսքերը։
Արտադրամասում պատշաճ կերպով չեն իրականացվել սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը, ինչպես նաև մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների դեմ պայքարի աշխատանքները։
Հատակները, պատերը և դռները չեն համապատասխանել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող մակերեսների պահանջներին։ Խնդիրներ են արձանագրվել նաև առաստաղի և վերևում գտնվող կառուցվածքների հետ կապված։
Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքներն ու պարագաները նույնպես չեն համապատասխանել հիգիենիկ պահանջներին։
Այս արտադրամասում ՍԱՏՄ-ն արձանագրել է նաև մակնշման խնդիր․ արտադրանքի բաղադրության մեջ ասպարտամի առկայությունը նշված չի եղել, և չի եղել պարտադիր՝ «Պարունակում է ֆենիլալանինի աղբյուր» գրառումը։
ՍԱՏՄ-ն տնտեսավարողին հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արտադրական տարածքն ու արտադրանքը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար և խախտումների վերացման ժամկետ է սահմանել։
Այսպիսով, երեք արտադրամասերի գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Նմանատիպ հոդվածներ
Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության հիմնակա...
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին, հայտարարությունն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստ...
8-ամյա Մոնթեն ու Սյունեն հաղթահարել են Արարատի գագաթը
Այս տարի «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներից Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաջողությ...
Գյուղացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհը․ պահանջում են լուծել լոլիկի մթերման խնդիրը. MediaHub
Այսօր՝ հուլիսի 31-ին, քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը։MediaHub-ի փոխանցմամբ՝ ճանապարհ...







