Բայդենը ստիպված կլինի Պուտինի հետ «լեզու գտնել». CNN

«Սառը պատերազմի» ավարտից ի վեր Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են վատթարագույն վիճակում։ Ամերիկյան կառույցները պայքարում են զանգվածային կիբեռհարձակումների դեմ, որոնցում մեղադրում են Մոսկվային։ Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ կապված արևմտյան իշխանությունները Կրեմլից պատասխաններ են պահանջում, իսկ ԱՄՆ-ն Ուկրաինայում պատերազմի և 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին Մոսկվայի ենթադրյալ միջամտության պատճառով անշեղորեն խստացրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, գրում է CNN-ի հոդվածագիր Նաթան Հոջը։
Բայց Ռուսաստանին՝ միջուկային զինանոցով հարուստ երկրին, որը համեմատելի է ԱՄՆ զինանոցի հետ, չի կարելի պարզապես նստեցնել տուգանային նստարանին։ Քաղաքական փորձագետներն, ընդհանուր առմամբ, համակարծիք են, որ Ռուսաստանի ղեկավարությունը պետք է մասնակցի խոշորագույն համաշխարհային ճգնաժամերի լուծմանը՝ սկսած Իրանի միջուկային հավակնությունների զսպումից մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարճաժամկետ և արյունահեղ պատերազմի դադարեցումը: Իսկ դա նշանակում է, որ Բայդենի վարչակազմը ստիպված կլինի Պուտինի հետ գործ ունենալ արտաքին քաղաքական մի շարք հարցերի լուծման ժամանակ։
Սակայն պետք չէ ակնկալել, որ Բայդենի քաղաքականությունը կորդեգրի «վերաբեռնավորման» քաղաքականությունը. այդ բառը Վաշինգտոնում հնչում է որպես հայհոյանք, երբ խոսքը Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության մասին է: Դեռևս 2009 թվականին պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնող Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին նվիրել էր «վերաբեռնավորման» կոճակ՝ փորձելով Ռուսաստանի հետ հարաբերություններին նոր շանս տալ: Նվերը, ցավոք, լիակատար ձախողում էր. կոճակի վրա գրությունը սխալ՝  «գերբեռնվածություն» էր թարգմանվել։
Այդ ժամանակից ի վեր ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները շարունակաբար սրվել են։ Այնուամենայնիվ, Վաշինգտոնում բոլորը դժկամությամբ են ընդունում, որ Ռուսաստանի հետ փոխգործակցություն չկա։ Դեռ օգոստոսին մի խումբ հայտնի ամերիկացի արտաքին քաղաքական գործիչներ բաց նամակ էին ստորագրել՝ կոչ անելով «վերաիմաստավորել» Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը։
«Խելամիտ չէ, որ երկու երկրները, որոնք հնարավորություն ունեն ոչնչացնել միմյանց և կես ժամում վերջ դնել քաղաքակրթությանը, լիարժեք ֆունկցիոնալ դիվանագիտական հարաբերություններ չունեն»,-ասված էր նամակում։
Առաջին հարցերից մեկը, որը պետք է լուծի Բայդենի թիմը, 2010 թվականի Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին նոր պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգումն է՝ փաստաթուղթ, որը սահմանափակում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջուկային զինանոցները, գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին օրերս լրագրողներին հայտնել է, որ նոր վարչակազմը պայմանագրի երկարաձգման շուրջ պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ:
Սպառազինությունների վերահսկողությունը տեխնիկական և ոչ գրավիչ հարց է, որը պահանջում է  համբերություն և դիվանագիտական աշխատանք, բայց դա անհրաժեշտ է. ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև վստահությունը մոռացության է մատնվել, իսկ մեր երկրները դուրս են եկել համաձայնագրերից, որոնք կոչված են նվազեցնելու ռազմական սխալների ռիսկերը։

Սակայն ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի ենթադյալ թունավորումը, իսկ այժմ նաև ձերբակալությունը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները նոր շրջափուլ է տանում, գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ Նավալնիին, այնուամենայնիվ, չպետք է դիտարկել որպես ավանդական արևմտյան լիբերալի, քանի որ «նրա քաղաքականության մեջ առկա են պոպուլիզմի և ռուսական ազգայնականության տարրեր»։

Քաղաքականություն

Պատահարներ