Շուրջ 2700 հոգու փոխհատուցում չի տրամադրվել. քաղաքացիները ՊՆ-ի դիմաց են

Պաշտպանության նախարարության դիմաց են հավաքվել պատերազմին մասնակցած քաղաքացիներ, նրանք նշում են, որ չեն ստացել իրենց աշխատավարձերը: Նրանք Պաշտպանության նախարարությունից պահանջում են, որ իրենց հստակ տեղեկություն տրամադրվի, թե երբ են աշխատավարձերը տրամադրվելու:

 

Պատերազմի մասնակի կամավոր Դավիթ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Մենք առաջնագծից վերադարձել ենք նոյեմբերի 30-ին, վերջին անգամ եղել ենք Լաչինում՝ Դժոխքի ձոր կոչվող վայրում։ Մինչ օրս տարբեր մարմինների դիմել ենք մեզ դրամական փոխհատուցում  տալու համար, մեր հարցին ոչ մեկ լուծում չի տվել։ Մարդ կար, ասում էր մեկ-երկու օր հետո ձեր հարցը լուծում կստանա։ Կառավարությանը դիմել եմ դեկտեմբերի 30-ին, դրանից երկու 2 օր առաջ ՊՆ,  իսկ դրանից առաջ էլ դիմել էինք մեր հրամանատարությանը, երբ մեզ ստույգ պատասխան չտրվեց, մենք  դեկտեմբերի 28-ին եկանք նախարարություն, մեզ ընդունեց գնդապետ Արա Առաքելյանը, ասաց, որ ամենաուշը դեկտեմբերի 30-ին մեր գումարները պետք է փոխհատուցվի, բայց դեկտեմբերի 30-ին գումարները չնստեց։ Ես կրկին կապվեցի Առաքելյանի հետ, վերջինս ասաց, որ տեղյակ է խնդրից և զեկուցել է»,- ասաց նա՝ պատճառաբանելով, որ խնդիրը կապված է փաստաթղթերի հետ։

 

Դավիթ Հովհանիսյանը կապվել է նաեւ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, սակայն վերջինս նշել է, որ արձակուրդային օրերի հետ կապված իրենց հարցին շուտափույթ լուծում տրվել չի ստացվի, իսկ աշխատանքային օրերի մեկնարկին պես այդ հարցով կզբաղվեն։

«Խնդրում ենք, որ գոնե մեզ մոտենան, պատճառաբանեն, թե ինչու մինչ օրս մեզ չեն փոխհատուցել։ Մեր պահանջն է նաև, որ ստույգ  օր նշեն, թե երբ կլինի գումարը»,- նշեց նա։

Պատերազմի մասնակցի խոսքով՝ իր ունեցած տեղեկությունների համաձայն` շուրջ 2700 հոգու  փոխհատուցում չի տրամադրվել:
 

Քաղաքականություն