Ղրզստանում նախագահական ընտրություններ են

Ղրղզստանի քաղաքացիներն այսօր՝ հունվարի 10-ին, ընտրում են ապագա նախագահին, ինչպես նաև քվեարկում են կառավարման ձևի վերաբերյալ հանրաքվեում: Ընտրատեղամասերից առաջինները բացվել են ՌԴ Յուժնոսախալինսկ քաղաքում: Այս մասին տեղեկացնում է EAdaily լրատվականը` հղում տալով Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Քվեարկության համար բացվել է 2474 ընտրատեղամաս, որից 48-ը գտնվում է արտերկրում, հիմնականում` Ռուսաստանում: Գրանցված է ավելի քան 3,5 միլիոն ընտրող, որից գրեթե 50 000-ը ապրում է Ղրղըզստանից դուրս:

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 17 թեկնածու, այդ թվում՝ վարչապետ Սադիր Ժապարովը (որը թողել է լիազորությունները ընտրություններին մասնակցության պատճառով), խորհրդարանի նախկին խոսնակ Կանատբեկ Իսաևը, նախկին դատավոր Կլարա Սորոնկուլովան:

Ընտրողները քվեարկելու են ոչ միայն նախագահի թեկնածուների, այլ նաև իրենց նախընտրած կառավարման ձևի համար: Նրանք կկարողանան ընտրել երեք տարբերակներից` նախագահական հանրապետություն, խորհրդարանական հանրապետություն կամ բոլորին դեմ:

Ղրղըզստանը նախագահական հանրապետություն դարձնելու գաղափարը պատկանում է Սադիր Ժապարովի թիմին: Այժմ երկիրը ղեկավարում են Ժապարովի համախոհները. խորհրդարանի խոսնակ Թալանթ Մամիտովը ժամանակավորապես նախագահի պաշտոնում է, իսկ Կանչիբեկ Տաշիևը ՝ ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարն է:
 

Քաղաքականություն

Պատահարներ