ԱՄՆ-ը շանտաժ է համարում Թեհրանի որոշումը

ԱՄՆ-ը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Իրանի Մեջլիսի կոչերը երկրից ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) դիտորդներին պատժամիջոցների չվերացվելու դեպքում վտարելու վերաբերյալ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Իրանի իշխանությունները միջուկային ծրագիրը կրկին օգտագործում են միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու և տարածաշրջանային անվտանգությունը սպառնալիքի տակ դնելու նպատակով»,- նշել է Պոմպեոն:

Մինչ այդ Իրանի Մեջլիսի Գերագույն խորհրդի անդամ Ահմադ Ամիրաբադի Ֆարահանին հայտարարել էր, որ Թեհրանը կվտարի երկրից ՄԱԳԱՏԷ-ի դիտորդներին և կհրաժարվի գործակալության հետ հետագա աշխատանքից, եթե մինչև փետրվարի 21-ը Իրանի ֆինանսական, բանկային և նավթային ոլորտների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չդադարեցվեն:

 

2020 թ. դեկտեմբերի 2-ին Սահմանադրության պահապանների խորհուրդը հավանություն էր տվել Իրանի Մեջլիսի ընդունած օրենքին, որով կառավարությունը պատրաստվում է բարձրացնել ուրանի հարստացման մակարդակը մինչև 20%-ի: Իրանցի օրենսդիրներն այս կերպ ակնկալում են, որ սա կստիպի չեղարկել հակաիրանական պատժամիջոցները:

 

2018 թ-ին Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո 2019 թ-ին Իրանը փուլ առ փուլ դադարեցրեց գործարքով ստանձնած պարտավորությունների կատարումը, որոնք վերաբերում էին ուրանի հարստացմանն ու հետազոտական գործունեությանը, իսկ 2020 թ. հունվարին հայտարարեց պարտավորությունների կատարումը կասեցնելու գործընթացի ավարտի մասին:

ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը հունվարի 1-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնել է, որ Իրանը մտադիր է ուրանը հարստացնել մինչև 20%-ի չափով:

Քաղաքականություն