
Ադրբեջանից գյուղմթերքի մատակարարման սահմանափակումները քաղաքական ենթատեքստ չունեն. Զախարովա

Ադրբեջանից գյուղմթերքի մատակարարման սահմանափակումները քաղաքական ենթատեքստ չունեն, ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, փոխանցում է ria.ru-ն։
«Այստեղ որևէ քաղաքական ենթատեքստ չկա։ «Ռոսսելխոզնադզոր»-ը պարբերաբար արգելքներ է սահմանում տարբեր երկրներից գյուղմթերքի ներմուծման համար։ Դա ստանդարտ բուսասանիտարական գործընթաց է, որը նպատակ ունի կանխել Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կարանտինային օբյեկտի (լոլիկի հարավամերիկյան ցեց, Tuta absohuta (Povolny) տարածումը, որոնք կարող են էական վնաս հասցնել գյուղատնտեսությանը և պարենային անվտանգության համար ռիսկեր ստեղծել», - նշել է Զախարովան։
Նա նշել է, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը Ադրբեջանի սննդի անվտանգության գործակալությանը բազմիցս տեղեկացրել է հարավամերիկյան լոլիկի ցեցի հայտնաբերման պարբերական դեպքերի մասին:
Զախարովան նաև հավելել է, որ նմանատիպ արգելքներ վերջերս սահմանվել են նաև տարածաշրջանի մի շարք այլ երկրների, մասնավորապես՝ Հայաստանի և Թուրքիայի նկատմամբ: Նրա խոսքով՝ հայկական լոլիկներում հայտնաբերվել է «պեպինո» խճանկարային վիրուս, իսկ թուրքական լոլիկներում, բացի հիշատակվածներից, ևս մի շարք վիրուսիներ։
Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը դեկտեմբերի 10-ից արգելում է Ադրբեջանից լոլիկի և խնձորի ներմուծումը Ռուսաստան: