ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստը Ռոբերտ Լևանդովսկին է

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում առցանց ձևաչափով կայացավ ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարվա լավագույն կին դարպասապահ մրցանակին արժանացավ Սառա Բուհադին (Լիոն, Ֆրանսիա): Ի դեպ, ՖԻՖԱ-ն երկրորդ տարին է, ինչ հանձնում է այս մրցանակը:

Անցնող տարում լավագույն դարպասապահը ըստ ՖԻՖԱ-ի գերմանացի Մանուել Նոյերն է Մյունխենի «Բավարիա»-ից:

2020 թվականի լավագույն գոլ, Պուշկաշի անվան մրցանակը ստացավ «Տոտենհեմ»-ից Սոն Հունգ Մինը:

Կանանց ֆուտբոլի լավագույն մարզիչը Սարինա Վիգմանն է, իսկ տղամարդկանցը` Յուրգեն Կլոպն է` «Լիվերպուլ»-ից (երկրորդ տարին անընդմեջ):

«Արդար խաղի» մրցանակին արժանացավ Մատիա Ագնեսեն, ով խաղի ժամանակ փրկել է մրցակցի կյանքը, որ կորցրել է գիտակցությունը բախումից հետո:

Տարվա լավագույն հավաքականն ունի հետևյալ կազմը` Ալիսոն Բեկեր, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Վիրջիլ վան Դեյկ, Սերխիո Ռամոս, Ալֆոնսո Դևիս, Ջոշուա Կիմիխ, Քևին դե Բրույնե, Տիագո Ալկանտարա, Լիոնել Մեսի, Ռոբերտ Լևանդովսկի, Կրիշտիանու Ռոնալդու:

Երեկոյի ընթացքում առանձնակի անդրադարձ եղավ նաև արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնային, ով օրեր առաջ էր հեռացել կյանքից:

Տարվա լավագույն կին ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթի»-ից Լուսի Բրոնզը:

Եվ երեկոյի ամենասպասված մրցանակին` տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավ Մյունխենի «Բավարիա»-ից Ռոբերտ Լևանդովսկին:

Քաղաքականություն