Մենք մեր հաջորդ հաղթանակը պետք է կերտենք այս ճգնաժամը հաղթահարելուց հետո. Քոչարյանը՝ ՊՆ-ի դիմաց հավաքված կորած զինվորների ծնողներին

Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց: Իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը  քաղաքացիների հետ զրույցում հայտնեց, որ   ժամը 16:30-ին հարազատներին պատասխան կտրվի կատարված ու կատարվելիք աշխատանքներին մասին. 

 

«Եկել է նոր նախարար: ՌԴ ղեկավարի հետ այս հարցերը քննարկվել են, ունենք այս հարցերի լուծումներին հրատապ հասնելու տարբերակներ, բայց նաև ունենք աննկարագրելի խոչընդոտներ: Թշնամին լկտիացած է:  30 տարի առաջ այդպես չի եղել: Հիմա լկտիացած են, բայց ոչինչ, մենք մեր հաջորդ հաղթանակը պետք է կերտենք այս ճգնաժամը հաղթահարելուց հետո: Մենք դա անելու ենք»,-ասաց Քոչարյանը:

 

Հարցին՝ կարող են արդյո՞ք ծնողները մասնակցել որոնողական աշխատանքներին, Քոչարյանն ասաց, որ պետք չէ, դա մի հատ ջունգլի է. «Մի հատ էլ ծնողներին կորցնե՞նք: Դրանով պետք է զբաղվեն իրավասություն ունեցողները՝ Կարմիր Խաչը, ՌԴ ստորաբաժանումները, մեր ստորաբաժանումները, հումանիտար միջազգային կառույցները: Դա բարդ խնդիր է, կլուծենք»:

 

Ծնողներից մեկի հարցին, թե  ճիշտ են արդյո՞ք տեղեկությունները, որ զինվորների մի մասն անցել են Իրանի սահմանը, իբր կա 200 գերի Քոչարյանն արձագանքեց․ 

«Ոչ թե գերի.. ողջ մնացած երեխաների մասին շատ հավաստի ինֆորմացիաներ կան: Նրանց հանելու խնդիրն այստեղ քննարկման խնդիր չէ: Եկեք սա չքննարկենք: Տա Աստված թեկուզ մեկ կյանք փրկենք»,-ասաց նա: