
Մենք հաստատել ենք ամեն ինչ անելու մեր վճռականությունը, որ այս հայտարարությունը շարունակի աշխատել. Լավրով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության այցը Երևան ներառում է մեր երկու երկրների հարաբերությունների ամբողջ սպեկտրը: Պատվիրակության կազմում են ՌԴ երկու փոխվարչապետները՝ Նովակն ու Օվերչուկը, ՌԴ առողջապահության նախարարը, «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը, «Ռուսաստանի երկաթուղիների» ղեկավարը, ֆինանսների նախարարության ղեկավարության ներկայացուցիչը: Զուգահեռաբար՝ այս պատվիրակության հետ հանդիպումներ են եղել ՀՀ ղեկավարության, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովը Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Հիմնականում ուշադրություն ենք դարձրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հստակ ու լիակատար իրականացման ապահովմանն ու քաղաքացիական բնակչությանն օգնելու նպատակով խաղաղապահ գործողությունների իրականացմանն առնչվող խնդիրներին:
Բոլորն այս հայտարարությունը ճանաչել են այլընտրանք չունեցող ճանապարհ՝ իրավիճակի կարգավորման համար, որը մի քանի շաբաթ առաջ առավել սրված բնույթ էր ստացել: Միանշանակ ընդգծվել է, որ այս հայտարարությունը ոչ միայն երկրի ներսում, այլև՝ արտերկրում կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են: Մենք հաստատել ենք ամեն ինչ անելու մեր վճռականությունը, որ այս հայտարարությունը շարունակի աշխատել:
Հանդիպել ենք նաև ՀՀ նախագահի հետ: Ե՛վ նախագահը, և՛ ՀՀ վարչապետն ընդգծել են, որ այս հայտարարությունն օգնել է կարգավորել լրջագույն խնդիրներ, օգնել է կյանքեր փրկել: Նրանք կնպաստեն այն ամենին, որպեսզի այս պայմանավորվածությունն այսուհետև իրականացվի: Նրանք բարձր են գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը և արդեն գործունեությունը սկսող մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու վերաբերյալ ՌԴ նախագահի հրամանագիրը: