
Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած 12 կալանավոր եւ 9 դատապարտյալ ազատ է արձակվել

Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած ազատազրկված անձանց դիմումների քննարկման արդյունքում փոփոխվել են 12 կալանավորի խափանման միջոցները, եւս 9 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել պատժի հետագա կրումից։
«Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է Դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանը։
Ազատազրկված անձինք ռազմաճակատ մեկնելու վերաբերյալ դիմումներ էին ներկայացրել սեպտեմբերի 27-ից ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ընթացքում։ Դիմումների ընդհանուր թվի մասին արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից մանրամասներ չէին հայտնել՝ միայն նշելով, որ նախարարությունը չունի իրավասություն պատժի կրման կասեցման, հետաձգման կամ ազատման, ինչպես նաեւ կալանավորումը որպես խափանման միջոց փոփոխելու կամ վերացնելու առնչությամբ։
Դիմելով գլխավոր դատախազությանը՝ խնդրել էինք հայտնել, թե քանի կալանավորից եւ քանի դատապարտյալից են նման դիմումներ ստացել, դրանցից քանիսն են բավարարվել, քանիսը՝ մերժվել։ Հաշվի առնելով իրավական հստակ կարգավորումների բացակայությունը՝ խնդրել էինք նաեւ մանրամասնել, թե ինչ ընդհանուր մոտեցում է ցուցաբերվել դիմումների նկատմամբ։
Ի պատասխան մեր հարցմանը՝ Դատախազությունից հայտնել են միայն, որ յուրաքանչյուր դիմումի նկատմամբ ցուցաբերվել է խիստ անհատական մոտեցում, մյուս հարցերի վերաբերյալ տեղեկության տրամադրումը նպատակահարմար չի համարվել՝ ռազմական դրությամբ պայմանավորված։