Արցախում մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության համար 7 զինծառայող ներկայացվել է պարգևատրման

Շարքային Կարեն Ալեքսանյանը, դրսևորելով մարտական բարձր վարպետություն ու սառնասրտություն, կարողացել է դյուրակիր զենիթահրթիռային համալիրով ոչնչացնել թշնամական 4 ԱԹՍ, ինչի համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի: Վերջինիս զինակիցները՝ շարքային Մարտին Բաղդասարյանն ու Մակիչ Աղաջանյանը «Մարտական ծառայություն» մեդալների են ներկայացվել յուրաքանչյուրը երկուական ԱԹՍ խոցելու համար: Հակաօդայինների սխրանքները շարունակվում են, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Թշնամական 2 տանկ խոցելու համար մայոր Հայասեր Դալլաքյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Նույն կարգի շքանշանների են ներկայացվել նաև կրտսեր սերժանտ Աշոտ Եսայանը, 2 տանկ ու 2 ավտոտեխնիկա, և կրտսեր սերժանտ Հրաչ Հայրապետյանը՝ հակառակորդի 2 տանկ խոցելու համար: Մայոր Միքայել Մովսիսյանն էլ «Արիության համար» մեդալի է արժանացել թշնամական զինուժին պատկանող 1 տանկ խոցելու համար: Հերոսական սխրանքները ճակատային գծի բոլոր հատվածներում շարունակվում են…:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 14 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ 

Քաղաքականություն