ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լողավազանի ցնցուղարան ու դահլիճ արգելվում է մտնել հագուստով, իսկ ավազան` առանց ցնցուղ ընդունելու. ԱԱՏՄ

Ամառային հանգստի շրջանում այցելուների մեծ ներհոսքը նկատի առնելով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տնտեսավարողներին հորդորում է պահպանել սանիտարական և համաճարակաբանական նորմերը, մասնավորապես, լողավազանների թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը։Այս մասին տեղեկացրին տեսչական մարմնից:

Հյուրանոցային օբյեկտներում մի շարք վարակների տարածման ամենահավանական հատվածներից են լողավազաններն ու բաղնիքները։ ԱԱՏՄ-ը հորդորում է պահպանել բոլոր նորմերը:

 

Մասնավորապես, ավազանի ջուրը պարտադիր պետք է վարակազերծված լինի: «Լողավազանի ջրի մանրէազերծումն իրականացվում է քլորացման միջոցով, օզոնացման միջոցով, ուլտրամանուշակագույն ճառագայթներով, բրոմացումով»,- նշել է ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության ավագ մասնագետ Լիլիթ Հունանյանը:

Մեծահասակների լողավազանում ջրի ջերմաստիճանը 24-26 աստիճան C պետք է լինի, երեխաների ավազանում՝ 30: Մեծահասակների լողավազաններում 1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու նորմատիվ մակերեսը 5,0-8,0 քմ է, երեխաներինը՝ 4,0- 5,0 քմ: Ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի պատերին պետք է լինեն ջրահեռացման ջրհորդաններ: Լողավազանի (բաղնիքի) ցնցուղարան ու դահլիճ արգելվում է մտնել հագուստով, կոշիկներով, իսկ ավազան` առանց ցնցուղ ընդունելու: Լողավազանում (բաղնիքում) պետք է հաճախորդներին տրվեն միայն միանվագ օգտագործման հողաթափեր և անհատական օգտագործման, փաթեթավորված հիգիենիկ պարագաներ` օճառ, սպունգ, սպիտակեղեն և այլն: Լողավազանի բուժշխատողը պարտադիր ամեն օր արտաքին զննություն պետք է իրականացնի՝ միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանիշերով անձանց լողավազանից օգտվելը չթույլատրելու համար։ Լողավազան հաճախող նախադպրոցական և ցածր դպրոցական հասակի երեխաները պարտադիր պարբերաբար պետք է հետազոտվեն էնտերոբիոզի նկատմամբ:

 

Լողավազանների, բաղնիքների միկրոկլիման պետք է ստուգվի 4 ժամը 1 անգամ։ Համավարակի շրջանում հյուրանոցային տնտեսությունների համար պարետի որոշմամբ սահմանվել են անվտանգության առանձին կանոններ, որոնց նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ԱԱՏՄ-ն։

«Այս առումով հերթական անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել այդ կանոնները, այլապես կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ»,- հայտնում են տեսչական մարմնից: