Որոշ կատեգորիաներով աշխատող վարորդները պետք է անցնեն մասնագիտական որակավորման դասընթացներ
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում նախատեսվում է փոփոխություն կատարել, համաձայն որի սահմանվել են որոշակի դրույթներ՝ C, D, CE, DE C1E, D1E կատեգորիայով աշխատող թե՛ ներպետական, թե՛ միջպետական բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների համար:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
«Միջպետական ուղևորա և բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները պետք է համապատախանեն որոշակի միջազգային պահանջների: Այդ կազմակերպությունները պետք է ունենան ֆինանսական կայունություն, բարի համբավ, ինչն ըստ եվրոպական պահանջների նշանակում է, որ վարորդները չպետք է ունենան շատ տուգանքներ, մեքենայություններում չպետք է ներգրավված լինեն: Ուղևորա կամ բեռնափոխադրող ընկերության մենեջերի բարի համբավի իջնելը կարող է ազդել՝ լիազոր մարմնի կողմից այդ ընկերությանն, օրինակ, բեռնափոխադրման իրավունք տալու որոշման վրա: Այսպիսով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում մենք սահմանում ենք որոշակի դրույթներ՝ C, D, CE, DE C1E, D1E կատեգորիայով աշխատող թե ներպետական, թե միջպետական բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների համար»,- նշեց Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ այդ վարորդները պետք է անցնեն նախնական մասնագիտական որակավորման դասընթացներ, որոնք ավարտվելու են թեստավորմամբ:
Այդ թեստավորումը հաջող անցնելու դեպքում վարորդները ստանալու են միջազգային որակավորման վկայականներ:
«Այդ ամենից հետո, տվյալ վարորդները 5 տարին մեկ անգամ անցնելու են վերապատրաստում, ինչը նշվելու է միջազգային որակավորման վկայականում: Ծրագրի համաձայն, վարորդները պետք է տիրապետեն միջազգային տարբեր համաձայնագրերի սահմանակետերի անցման կարգերին, ինչպես իրականացնել սահմանափակ կարողություններով մարդկանց տեղափոխումը կամ բեռնում ու բեռնաթափում կատարել»,- ընդծգեց ՏԿԵ փոխնախարարը:
Նա հավաստիացրեց, որ նման փոփոխությունները միայն կխթանեն և կդիվերսիֆիկացնեն բեռնափոխադրողների մուտքը տարբեր շուկաներ: