Օրենքի նախագիծ՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց դատարաններում պետական տուրքից ազատելու ուղղությամբ
ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություններ նախատեսել ընտանեկան բռնության ենթարկված այն անձանց համար, ովքեր հանդես են գալիս՝
1․ նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներով,
2․ ամուսնալուծության վերաբերյալ հայցերով,
3․ ծնողական իրավունքների իրականացման, ներառյալ երեխայի բնակության վայրը որոշելու, երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու, երեխայի հետ շփվելու, երեխայի խնամքին, դաստիարակությանն ու կրթությանը մասնակցելու վերաբերյալ հայցերով,
4․ հայրությունը որոշելու վերաբերյալ հայցերով,
5․ ծնողական իրավունքները սահմանափակելու կամ ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ հայցերով։
«Այսօր պետական տուրքի վճարումից ազատվում են այն հայցվորները, որոնք «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ հայցերով դիմում են դատարան։
Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ ընտանեկան բռնություն գործադրած անձանց կողմից վարչական դատավարության կարգով բողոքարկվում են ոստիկանության կողմից կիրառված պաշտպանության միջոց՝ նախազգուշացումն ու անհետաձգելի միջամտության մասին որոշումները։ Բռնության ենթարկված անձինք, իրենց հերթին, ստիպված են լինում նախ վերաքննության, ապա՝ վճռաբեկության կարգով բողոքարկել վարչական դատարանների դատական ակտերը՝ առանց պետական տուրքի մասով արտոնյալ պայմանների։
Բացի այդ, ըստ «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության տրամադրած տվյալների՝ 2021 թվականից մինչև 2025 թվականի առաջին կիսամյակն ընկած ժամանակահատվածում ընտանեկան բռնության ենթարկված 324 անձ դատարան չի դիմել ամուսնա-ընտանեկան իրավահարաբերություններից բխող այլ հայցերով՝ գումար չունենալու պատճառով։ Նույն կազմակերպության տվյալներով՝ նշված ժամանակահատվածում 6945 շահառուների հաշվով մասնավոր՝ քաղաքացիաիրավական բնույթի գործերի թիվը կազմել է 1157, որոնցից ամուսնալուծություններինը՝ 489, երեխայի խնամքի վերաբերյալ գործերինը՝ 260, ալիմենտինը՝ 511։
Այսպիսով՝ արդեն իսկ ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում գտնվող բռնության ենթարկված անձինք հայտնվում են կրկնակի անբարենպաստ և խոցելի պայմաններում։
Նկատի ունենալով վերը նշվածը և ոլորտի ՀԿ-ների առաջարկները՝ շրջանառության մեջ եմ դրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, բռնության ենթարկված անձանց համար լրացուցիչ արտոնություններ սահմանելու նպատակով»,- գրել է Բաթոյանը։





























