Հավանական եմ համարում, որ ՀԷՑ-ն առաջիկայում կզրկվի լիցենզիայից. Ռոմանոս Պետրոսյան
ՀԷՑ-ում վերջին ամիսներին ժամանակավոր կառավարչի լիազորությունների իրացման շրջանակներում իրականացված վերահսկողության և ստուգումների արդյունքում վեր հանված բազմաթիվ էական խախտումների, առերևույթ իրավախախտումների հիման վրա հավանական եմ համարում, որ ՀԷՑ-ն օրենքով սահմանված կարգով առաջիկայում կզրկվի լիցենզիայից: Այդ մասին Ֆեսբուքի իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«Նոյեմբերի 18-ին ավարտվում է վարույթը, և ՀԾԿՀ-ն արդեն առաջիկա 1 շաբաթ -10 օրվա ընթացքում պետք է նիստ գումարի: Մինչ այդ օրենքով սահմանված կարգով 3 օր առաջ պիտի վերջնական եզրակացության նախագիծը հրապարակի: Մյուս կողմը ծանոթանալու հնարավորություն է ունենալու, որպեսզի դիրքորոշում ձևավորած՝ ներկայանա ՀԾԿՀ նիստին:
Բայց ես՝ որպես 3 ամսվա կառավարիչ, 3,5 ամսվա կառավարման շրջանում ուսումնասիրությունների, այդ թվում՝ վերահսկողության, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում, այդ թվում՝ պետական լիազոր տեսչական մարմինների, լիազոր մարմինների վերահսկողական և ստուգողական գործիքակազմերի կիրառման արդյունքում վեր եմ հանել շուրջ 10 հիմնավոր պատճառներ, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով հավանական եմ համարում, որ ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից: Դրանից հետո ՀԷՑ-ի հետագա ճակատագիրը կկանխորոշվի ՀԾԿՀ ընդունած որոշումից բխող մյուս իրավակարգավորումներով:
Մոտ մեկ տասնյակ իրավախախտումներից ամենաակնառուներից մատնանշեմ տվյալների հաշվետվությունների արժանահավատության խնդիրը, որը տարիներ ի վեր խեղված է եղել, և ոլորտը կարգավորող սահմանադրական լիազոր մարմին հանդիսացող Հանրային ծառայությունները կարգավորող մարմնին ՀԷՑ կառավարիչները և ղեկավարները երկար ժամանակ պարզապես կեղծ հաշվետվություններ են ներկայացրել, ինչն ազդել է սակագնի ձևավորման վրա:
Երկրորդը՝ ՀԷՑ-ն իր բնականոն գործունեությունն իրականացնելու համար իր կողմից իրականացվող գնումների, մատակարարումների, ձեռքբերումների գործընթացներն արել է խիստ կողմնակալ, խտրական գնումների գործընթացների, այդ թվում՝ ՀԾԿՀ նորմերին խիստ հակասող ձևաչափերով՝ դրանով ստեղծելով տնտեսական կամ մենաշնորհային արժեշղթա, և գերշահույթների միգրացիա է կատարել ՀԷՑ-ից դեպի «Տաշիր» ընկերությունների խմբին ուղիղ կամ անուղղակիորեն փոխկապակցված այլ տնտեսվարող սուբյեկտներ, և տարիներ ի վեր տասնյակ միլիարդավոր ներդրումային ծրագրերն իրականացվել են «Տաշիր» ընկերությունների խմբին աֆիլացված տնտեսական միավորների կողմից՝ փակ պահելով էներգետիկ համակարգում որևէ երրորդ խաղացողի ներգրավումը՝ դրանով իսկ խոչընդոտելով ոլորտի զարգացումը:
Երրորդ կարևորագույն խնդիրը՝ մեր կառավարությունից, ՀԾԿՀ-ից ու հանրութունից ՀԷՑ-ի իրական ու էներգետիկ կարողությունների վատթար, ծայրահեղ վատթար իրավիճակը թաքցնելն է եղել, որով պայմանավորված՝ արհեստականորեն իջեցվել են ցանցում կորուստների ցուցանիշները՝ դրանով կատարելով ՀԾԿՀ-ի առաջադրած պլանների կատարումը, ինչպես նաև ահռելի ծավալների, իմ գնահատականներով՝ տասնյակ միլիոնավոր կիլովատտ-ժամ քանակի էներգիայի ստվերային շրջանառություն ունենալով, որը շատ ցանցերում մոնետիզացրել են տնտեսության տարբեր ճյուղերում՝ դրանով ունենալով ահռելի ստվերային շրջանառություն:
Բոլոր այս մատնանշված փաստերով այս պահին նախաձեռնված են քրեական վարույթներ»,- Ֆեյսբուքի տեսանյութում ասում է նա:






























