Լուկաշենկոն «Անբասիր ծառայության համար» պարգևատրել է մի խումբ ուժայինների

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել իրավապահ մարմինների մի խումբ ներկայացուցիչների «Անբասիր ծառայության համար» մեդալով պարգևատրելու մասին։ Հրամանագիրը հրապարակվել է իրավաբանական պորտալում:

Լուկաշենկոյի՝ օգոստոսի 13-ին ստորագրված հրամանագրով պարգևատրվել են 300-ից ավելի անձինք։ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվածների թվում է ՆԳՆ ներքին զորքերի հրամանատարի տեղակալ Խազալբեկ Աթաբեկովը:

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները: Առաջին օրերին ուժայիններն ակտիվիստների դեմ ուժ ու հատուկ միջոցներ էին կիրառել։ Ձերբակալվել է մոտ 6,7 հազար մարդ։ Բելառուսի Գլխավոր դատախազության տվյալներով՝ մեկուսարաններում մնում է 130-ից պակաս մարդ, մնացածն ազատ են արձակվել։

Մոտ 700 մարդ բողոքել է ուժայինների լիազորությունների չարաշահումից։

Պաշտոնապես հաստատվել է երկու մարդու մահը։ Իրավապաշտպանները հայտնում են հինգ զոհի մասին: